ԳլխավորԼուր

ԵՊՀ ուսանողների պրակտիկան «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ»-ում

ԵՊՀ ուսանողների պրակտիկան «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ»-ում

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի չորրորդ կուրսի 13 ուսանող մասնագիտական 6 շաբաթ տևողությամբ պրակտիկան անցկացրել են «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերությունում։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացել են ընկերության գործունեությանը, հայաստանյան գրասենյակում աշխատող ինժեներական խմբերի աշխատանքների առանձնահատկություններին, ինչպես նաև տարբեր ոլորտներում ինժեներների մասնագիտական գիտելիքների կիրառություններին։ Բացի դրանից՝ ընկերության՝ կիսահաղորդչային, ավտոմոբիլաշինության ոլորտների, ինչպես նաև չափումների ու տեխնոլոգիաների առաջատար ու փորձառու մասնագետները ուսանողներին ներկայացրել են ոլորտների արդի խնդիրներն ու դրանց լուծումները։

Ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու բարձր և գերբարձր հաճախությունների տիրույթներում ազդանշանների հետ աշխատանքների առանձնահատկություններին, ինչպես նաև իրականացնելու պրակտիկ չափումներ չափիչ սարքավորումներով։ Ինժեներական արդի խնդիրներին ծանոթանալուց ու գործնական չափումներ իրականացնելուց բացի՝ ուսանողները սովորել են ճիշտ հաղորդակցման ու ներկայացման տեխնիկա, զարգացրել ժամանակի կառավարման ու պլանավորման հմտություններ։

Որպես ավարտական աշխատանք՝ ուսանողներին հանձնարարվել է «NI cDAQ» համակարգի օգնությամբ իրականացնել տարբեր համակարգերի (օրինակ՝ ինքնաթիռի սև արկղի, հակահրդեհային անվտանգության համակարգի և այլ աշխատանքների) սիմուլյացիա իրական սարքավորման վրա։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան

Ավարտական նախագծերի ներկայացմանը ներկա են եղել թե՛ համալսարանի, թե՛ «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության ներկայացուցիչները, այդ թվում՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանը, ինստիտուտի ԳԲՀ ամբիոնի վարիչ Արմեն Մակարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության տնօրեն Արսեն Առուստամյանը, համալսարանների հետ կապերի ղեկավար Աննա Հովհաննիսյանը։

Աշխատանքների ներկայացման ավարտին ԵՊՀ ռեկտորը շնորհավորել է ուսանողներին ու շնորհակալություն հայտնել ընկերության ներկայացուցիչներին՝ ուսանողների մասնագիտական պրակտիկան բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Արսեն Առուստամյանն ու Խաչատուր Ներկարարյանը։

Հանդիպման ավարտին ուսանողներին «Նեյշնլ Ինսթրումենս ԷյԷմ» ընկերությունում մասնագիտական պրակտիկան հաջողությամբ անցնելու համար շնորհվել են հավաստագրեր։