ԳլխավորԼուր

Դպրոցի փոխտնօրենի մոտ ական և սնդիկ հայտնաբերելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք: Shamshyan.com-ը հայտնեց, որ ոստիկաններն ու պարեկները դպրոցից տարհանել են աշակերտներին, իսկ փրկարարներն էլ փոխտնօրենի աշխատասենյակում՝ պահարանի մեջ, հայտնաբերել են հակատանկային ական և ապակե տարրայի մեջ մոտ 200 գրամ սնդիկ։

Usanogh.am-ը ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց` ինչ հանգամանքներում են նշված իրերը հայտնվել փոխտնօրենի աշխատասենյակում։

Նա մանրամասներ դեռևս չհայտնեց, փոխարենը տեղեկացրեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է` հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով.

«Քննություն է իրականացվում հանգամանքները պարզելու նպատակով»,-եզրափակեց Գ. Աբրահամյանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ