ԳլխավորԼուր

Արդարադատության ակադեմիան 10 տարեկան է

Սեպտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիայում մեծ հանդիսավորությամբ անցկացվեց Ակադեմիայի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, Ակադեմիայի հայաստանյան և միջազգային գործընկերներ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ, աշխատակազմը, դասընթացավարներ, հյուրեր:

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց հոբելյանի առթիվ և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության 10-ամյա ճանապարհը, արդյունքները, զարգացման հեռանկարները: «Ակադեմիայի գործունեության 10-ամյա ճանապարհն անցնում է խաղաղության, համավարակի ու պատերազմի միջով: Ձեռքբերումներ ունեցել ենք, դժվարություններ՝ ևս, բայց անգամ բարդ ու շատ դեպքերում անհնար թվացող իրավիճակներում ելքեր միշտ գտել ենք»,-իր ելույթում նշեց Սերգեյ Առաքելյանը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկա տասնամյակում անելու ավելին:

Շնորհավորական խոսքով հանդես եկան Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արսեն Այվազյանը, Կառավարման խորհրդի անդամ Արա Մկրտչյանը՝ ընդգծելով Ակադեմիայի կարևոր դերակատարությունն իրավական ոլորտում: Եվրասիական տնտեսական միության դատարանի անունից շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵԱՏՄ նախագահ Էռնա Հայրիյանը:

Միջոցառման ընթացքում Արդարադատության ակադեմիայի հիմնադրման 10-րդ տարեդարձի կապակցությամբ, Ակադեմիայի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի ու մասնագիտական գործունեության ընթացքում ունեցած արժանի ձեռքբերումների համար, Ակադեմիայի ռեկտորի համապատասխան հրամաններով, Արդարադատության ակադեմիայի հուշամեդալով պարգևատրվեցին Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արսեն Այվազյանը, Խորհրդի անդամ Արման Թովմասյանը, ինչպես նաև Ակադեմիայի զարգացման գործում առանձնակի նվիրումի և գործունեության ընթացքում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Անահիտ Գալստյանը, Դատական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Վարսիկ Գրիգորյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Դանիելյանը, Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Էմմա Խուբլարյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի գլխավոր մասնագետ Քրիստինե Կարապետյանը:

Ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցության և գիտամանկավարժական գործունեության մեջ ներդրած նշանակալի ավանդի և առանձնակի նվիրումի համար «Համագործակցության համար» մեդալով պարգևատրվեցին Ակադեմիայի դասընթացավարներ Սրբուհի Գալյանը, Լիզա Գրիգորյանը, Վահե Ենգիբարյանը, Հայարփի Զարգարյանը, Գոռ Թորոսյանը, Սերգեյ Մարաբյանը, Անդրանիկ Մնացականյանը, Արսեն Նիկողոսյանը, Հովիկ Շահնազարյանը:

Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Ակադեմիայի շնորհակալագրով՝ բարեխիղճ աշխատանքի և նվիրումի համար, ինչպես նաև Ակադեմիայի պատվոգրով՝ բարեխիղճ, արգասաբեր աշխատանքի և առանձնակի նվիրումի համար:

Միջոցառման մասնակիցներից ոմանք նաև գրառում արեցին Ակադեմիայի 10-ամյա հոբելյանի առթիվ բացված պատվավոր հյուրերի հուշամատյանում: