ԳլխավորԼուր

ԵՊՀ թիմը կրկին բարձր արդյունքներ է գրանցել Քիմիայի միջազգային ուսանողական օլիմպիադայում

ԵՊՀ թիմը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ` Քիմիայի միջազգային ուսանողական օլիմպիադայում

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի թիմը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կազմակերպված Քիմիայի միջազգային ուսանողական 4-րդ օլիմպիադայում նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Մաղտըմգուլիի անվան Թուրքմենստանի պետական համալսարանում (Աշխաբադ, Թուրքմենստան) հոկտեմբերի 15-17-ը անցկացված Քիմիայի միջազգային ուսանողական 4-րդ օլիմպիադային մասնակցել են 250-ից ավելի ուսանողներ տարբեր երկրների (Հայաստան, Չինաստան, Ռումինիա, Իրան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան և այլն) 24 համալսարաններից, ինչպես նաև Թուրքմենստանի 23 բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող թիմում ընդգրկված էին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի «Քիմիա» բակալավրի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Արտավազդ Արաբաչյանը, 3-րդ կուրսի ուսանողներ Զեմֆիրա Հովհաննիսյանը և Արեն Կիրակոսյանը, «Քիմիա» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Արտյոմ Պետրոսյանը: ԵՊՀ թիմի ղեկավարն էր Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Լիանա Գաբրիելյանը։

ԵՊՀ թիմից  Արտյոմ Պետրոսյանը և Արտավազդ Արաբաչյանը արժանացել են արծաթե մեդալների, իսկ Զեմֆիրա Հովհաննիսյանը և Արեն Կիրակոսյանը՝ բրոնզե մեդալների։

Նշենք, որ օլիմպիադային զուգահեռ՝ Թուրքմենստանի պետական համալսարանում անցկացվել է նաև միջազգային գիտագործնական գիտաժողով՝ «Նորարարական տեխնոլոգիաների դերը քիմիայի դասավանդման մեթոդների կատարելագործման գործընթացում» թեմայով:

Գիտաժողովի շրջանակում ԵՊՀ թիմի ղեկավար Լիանա Գաբրիելյանը հանդես է եկել պլենար զեկուցմամբ, որը բարձր գնահատականի է արժանացել գիտաժողովի մասնակիցների կողմից:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews