ԳլխավորԼուր

ԵՊՀ պատվիրակությունն Արցախում մասնակցել է տան հիմնարկեքի արարողությանը

Երևանի պետական համալսարանի պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում սեպտեմբերի 18-ին  մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան հիմնարկեքի արարողությանը, տեղեկանում ենք բուհի կայքից։

Դահրավ գյուղի հարևանությամբ կառուցվող նոր բնակավայրի տարածքում ԵՊՀ պատվիրակությանը դիմավորեց ծրագրի ստեղծագործական անձնակազմը։ Արման Միտոյանը և Սոս Ջանիբեկյանը համալսարանականներին պատմեցին նոր բնակավայրի կառուցման աշխատանքների մասին, ներկայացրին՝ ինչ ենթակառուցվածքներ են ստեղծվելու ու նշեցին, թե ինչ ակնկալիքներ ունեն ծրագրի շահառուները։

Նրանց խոսքով, արդեն տասը կազմակերպություն միացել է նախագծին, յուրաքանչյուրը ֆինանսավորել է մեկ տան կառուցում․ «Այստեղ բնակություն կհաստատեն 44-օրյա պատերազմում տեղահանված և իրենց տները կորցրած ընտանիքները։ Այժմ կառուցվում է էտալոնային բնակավայր, որի հոսանքի և ջրի մատակարարման աշխատանքները նույնպես մեկնարկել են։ Բնակավայրը կապված կլինի Դահրավ գյուղի հետ»։

ԵՊՀ պատվիրակության անդամները մասնակցեցին կառուցվելիք տան առաջին պատի ամրացմանը, որից հետո ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ առաջիկայում ԵՊՀ-ն կհոգա այդ տանն ապրող երեխաների ուսմանն առնչվող կարիքները, եթե նրանք որոշեն ընդունվել Մայր բուհ, ինչը, նրա խոսքով, չի նշանակում, որ կանտեսվեն մյուս ընտանիքների երեխաների կարիքները։ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ն խոստացավ նաև, որ ԵՊՀ-ի և բնակավայրի կապն ամուր կպահպանվի․ համալսարանի պատվիրակությունը պարբերաբար կայցելի և կաջակցի այստեղ ապրող ընտանիքներին։

Հիմնարկեքի արարողությունից հետո ԵՊՀ պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին նոր ստեղծվող բնակավայրի հարևանությամբ գտնվող Դահրավ գյուղ, ծանոթացան այնտեղ ապրող երեխաների հետ, նրանց գրենական պիտույքներ բաժանեցին, ապա եղան գյուղի մշակույթի կենտրոնում, ծանոթացան խնդիրներին և խոստացան աջակցել դրանց լուծմանը։

Հիշեցնենք, որ «100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ: Ծրագիրն իրականացվում է «Ապրելու Արցախ» հիմնադրամի և «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» նախաձեռնությամբ։

Comment here