ԳլխավորԼուր

Արցախի պետնախարարը կոչ է արել ուսանողներին կամավորական խմբեր ձևավորել

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը կոչով դիմել է երիտասարդությանը, ուսանողությանը և ՀԿ-ներին, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Շուրջ 3 ամիս է՝ Ադրբեջանը արգելափակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: Մենք գտնվում ենք շրջափակման մեջ և ապրում արտակարգ պայմաններում ու արտակարգ ռեժիմում։ Պետությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման հետևանքները մեղմելու և հասարակության նվազագույն պահանջմունքները բավարարելու համար։ Այդ ընթացքում իրականացվում են բազմաբնույթ աշխատանքներ, որոնց կարող է իր աջակցությունը ցուցաբերել նաև հանրությունը։

Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերվում հումանիտար բեռ, որը բեռնաթափելու կամ բեռնելու, փաթեթավորելու և շահառուներին հասցնելու համար պետությունը ստիպված է ֆինանսական միջոցներ ծախսել։

Իհարկե պետությունը կրում է քաղաքացիների իրավունքների ապահովման պոզիտիվ պարտականություն, սակայն Արցախի Հանրապետությունը մեր մեծ ընտանիքն է, և ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ պետությունում հնարավորությունները անսահմանափակ չեն, իսկ խնայողությունը և ջանքերի մեկտեղումը՝ այսօր խիստ անհրաժեշտություն է։

Առաջիկայում նախատեսում եմ հանդիպում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների հետ, բայց մինչ այդ դիմում եմ բոլորին՝ երիտասարդությանը, ուսանողությանը.

Խնդրում և կոչ եմ անում ամենակարճ ժամկետում ձևավորել կամավորական խմբեր և ձեր նպաստն ու աջակցությունը բերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը։

Դրանով դուք ոչ միայն կապահովեք հանրօգուտ արդյունք, այլև կնպաստեք մեր ներքին զարթոնքին ու համախմբմանը, մեր ուժերի և հնարավորությունների մեկտեղմանն ու միավորմանը։

Սպասում ենք ձեր արձագանքներին։

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ պետական նախարարի աշխատակազմ՝ (047) 95 10 55 հեռախոսահամարով կամ գրել jipdjian@gmail.com էլ.հասցեին:

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը` անցնելով հետևյալ հղմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

2023-ի հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է  Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները։ Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։