Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ԵՊՀ-ի ուսանողներները կրթամրցանակներ են ստացել

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Ոսկի սերմեր․ հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակաբաշխությունը։

Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահում կրթամրցանակներ են ստացել ԵՊՀ արևելագիտության, ժուռնալիստիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, հայ բանասիրության, պատմության, ֆիզիկայի ֆակուլտետների ուսանողները:

Մրցանակաբաշխությունը մեկնարկել է ՀՀ հիմներգով, որից հետո հնչել է ԵՊՀ հիմներգը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում նահատակված համալսարանականների հիշատակը:

ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իր խոսքում կարևորել է ԵՊՀ և «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի համատեղ ջանքերով ստեղծված ծրագիրը:  Շնորհավորելով մրցույթի հաղթող մասնակիցներին՝ ԵՊՀ պրոռեկտորը նրանց հորդորել է ունենալ ոչ ստանդարտ մտածողություն և համագործակցային հարցերում ցուցաբերել ճկունություն:

«Մեզ սովորեցնում են ամեն բան՝ բացի երջանիկ լինելուց: Պետք է երջանիկ լինել առանց նախապայմանների, պարզապես հենց նրա համար, որ մենք կանք և ապրում ենք»,- իր խոսքն ամփոփել է Է. Ասրիյանը:

«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, խոսելով ծրագրի նախաձեռնումից, ասել է, որ դրա գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ հիմնադրամի կայքի ստեղծող Էրիկ Գևորգյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում:

Այնուհետև Ա. Պողոսյանն ասել է, որ իրենց համար դժվար էր ընտրել լավագույն աշխատանքները, որովհետև բոլորն էլ լավագույնն էին։ Հիմնադրամի տնօրենը հորդորել է կապ պահպանել հերոսների ընտանիքների հետ։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, խոսելով պատերազմում անմահացած հերոսներից և անդրադառնալով ֆակուլտետի շրջանավարտ, պատերազմում նահատակված Վաչագան Մանուկյանին նշել է. «Վաչագանը համոզված էր, որ հայությունը հզոր ներուժ ունի, և մենք պետք է ըստ հնարավորի պատրաստ լինենք գալիք հաղթանակներին»:

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սայիդ Ավդալյանը, անդրադառնալով ծրագրի կարևորությանն ու շնորհակալություն հայտնելով դրա կազմակերպիչներին, ընդգծել է. «Հայերի և եզդիների բարեկամության մասին երկար կարող եմ խոսել: Այս պատերազմում 18 եզդի զինվորներ իրենց կյանքը զոհաբերել են հանուն Արցախի ու ՀՀ անվտանգության: Մեր պարտքն է վառ պահել նահատակվածների հիշատակը»: Եզրափակելով խոսքը՝ Ս. Ավդալյանը ներկաներին հորդորել է հաճախ այցելել զոհված հերոսների ընտանիքներին:

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ասպիրանտ, մրցույթում Ռուբեն Համբարձումյանի անվան 2-րդ կրթամրցանակակիր Վահագն Ալթունյանը շնորհակալական իր խոսքում ընդգծել է, որ համալսարանում առկա է գիտական մեծ ներուժ:

«Համալսարանն ունի մեծ ռեսուրսներ: Այսպիսի ծրագրերը նպաստում են, որ գիտական ներուժը մեծացնի հետաքրքրությունը համալսարանի նկատմամբ»,- ասել է Վ․ Ալթունյանը:

Հավելենք, որ ԵՊՀ արևելագիտության և հայ բանասիրության ֆակուլտետներում «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի մրցանակը կրկնապատկել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը»։

Մրցանակաբաշխությանը մշակութային համարով հանդես է եկել ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սան, միջազգային մրցույթների դափնեկիր, ֆլեյտահար Մարիամ Ժամկոչյանը:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի համատեղ ջանքերով: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ծրագրի նպատակն է հարգանքի տուրք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված երիտասարդների հիշատակին, նպաստել կրթության և գիտության առաջընթացին՝ նրանց թանկ անուններով կրթամրցանակներ սահմանելով և խրախուսելով երիտասարդ մասնագետներին։