ԳլխավորԼուր

ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը նոր անդամներ ունի

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբին նոր անդամագրված ուսանողները ծանոթացան ակումբի գործունեությանը, իրականացրած աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Շուրջ վեց տարի գործող ակումբի նպատակն է ուսանողների շրջանում զարգացնել մարտական պատրաստության վիճակը և աջակցել ուսանողների հայրենասիրական դաստիարակությանը: Ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանն ասել է, որ հատկապես այսօր ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված արտաքին և ներքին սպառնալիքները բազմաթիվ են, ուստի շատ կարևոր է, որ հատկապես ուսանողները լինեն իրազեկված և պատրաստ դիմագրավելու մարտահրավերներին:

Մարտական պատրաստության ակումբը կազմակերպում է տարածաշրջանային ու անվտանգային թեմաներով հանդիպումներ և դասընթացներ ոլորտի փորձագետների, ռազմական գործիչների, ազատամարտիկների հետ, մասնագիտական, մարտավարական, ֆիզիկական, հետախուզական, կապի, կրակային պատրաստության տեսական ու գործնական պարապմունքներ, ուսանողական բանակումներ և այլ միջոցառումներ:

Այսօր տեղի ունեցած միջոցառմանը ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասել է, որ Մարտական պատրաստության ակումբի առջև դրված խնդիրները շատ կարևոր են համալսարանի ու երիտասարդության համար, և այն արդյունքները, որոնք գրանցել է ակումբը, մեծ նշանակություն են ունեցել հատկապես վերջին ժամանակահատվածում:

Նա փաստել է, որ շուտով տեղի կունենա ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի սենյակի պաշտոնական բացումը: ՈՒԽ նախագահը վստահեցրել է նաև, որ ակումբի այս կազմը նոր որակ է թելադրելու, քանի որ մեծ աշխատանքներ են իրականցվել նախապես ու արդյունքում ներմուծել նոր գաղափարներ:

ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանն էլ հույս է հայտնել, որ հատկապես հետպատերազմյան Հայաստանում ակումբի յուրաքանչյուր մասնակից ակումբի իրականացրած ծրագրերի շնորհիվ իր ներդրումը կունենա պետության անվտանգության կազմակերպման և զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում Լիպարիտ Ղազարյանը մասնակիցներին ներկայացրել է ակումբի գործունեությունը, իրականացրած աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Նա նշել է, որ ակումբի հիմնադրման օրվանից մինչ այսօր իրականացված բոլոր ծրագրերին մշտապես աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Իրազեկումից հետո Մարտական պատրաստության ակումբի ջոկատների նոր հրամանատարները հանդես են եկել ելույթներով, որից հետո վիճակահանության սկզբունքով ջոկատները համալրվեցին նոր անդամներով:

Comment here