ԳլխավորԼուր

«Կենսաֆիզիկայի» գծով ԵՊՀ-ն ընդամենը 1 դիմորդ ունի. ո՞ր գծով են ամենամեծ թվով դիմորդները

ԵՊՀ

Այս տարի Երևանի պետական համալսարանը, հայտագրման ավարտից մի քանի ժամ առաջ, ունի 3119 դիմորդ (նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն աճել է 244-ով): Այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանտու քարտուղար Արմեն Սարգսյանը: Ամենամեծ թվով դիմորդներ այս տարի «Իրավագիտություն» կրթական ծրագրի գծով են` 300 հոգի, իսկ ամենաքիչը` «Կենսաֆիզիկա» կրթական ծրագրի` ընդամենը 1:

««Իրավագիտությունից» բացի` ամենաշատ դիմորդներն ունենք «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետներում. սա արդեն օրինաչափություն է դարձել: Ինչ վերաբերում է «Կենսաֆիզիկա» կրթական ծրագրին, այն մյուս տարի վստահաբար արդեն կփակենք: Այս տարի կրթական նոր ծրագիր ունենք` «Ադրբեջանագիտություն». հայտագրել ենք 30 տեղ, դիմել են 23-ը, առաջին տարվա համար վատ արդյունք չէ»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Քանի որ ԲՏՃՄ ուղղություններով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման նոր համակարգ է սահմանվել, համապատասխան կրթական ծրագրերի գծով ԵՊՀ-ն ունի դիմորդների հոսք. ««Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա», «Քիմիա» կրթական ծրագրերի գծով արական սեռի ներկայացուցիչները անվճար ընդունվելու դեպքում 4 տարի տարկետում կստանան և բանակ չեն զորակոչվի: Ուստի թվարկված կրթական ծրագրերի գծով այս տարի դիմորդների զգալի աճ է գրանցվել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ավելի մանրամասն տվյալներ ԵՊՀ-ից խոստացան տրամադրել միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացի ամփոփումից հետո:

Հիշեցնենք՝ 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացն ավարտվում է այսօր՝ ժամը 18.00-ին։