ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում այցելել է ուսումնական հաստատություններ

Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի Կենտրոնական քոլեջը Լոնդոնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում տեղի ունեցող Կրթության համաշխարհային համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդես գալով «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով պանելային նիստում՝ նախարարն անդրադարձել է կրթության կազմակերպման գործում առաջնորդության խնդրին:

«Կրթության հիմքում ընկած են սովորողների առաջնորդական կարողությունների ուսուցումն ու կատարելագործումը՝ որպես քաղաքացիական կրթության կարևոր բաղադրիչներից մեկը: Մենք գտնվում ենք ուսումնական ծրագրերի բարեփոխումների գործընթացում. գրեթե երկու ուսումնական տարի փորձարկելով հանրակրթության նոր չափորոշիչը՝ տեսնում ենք, որ արտադասարանական գործունեությունը, այդ թվում՝ ուժեղ քաղաքացիական բաղադրիչ ունեցող նախագծերը, աճել են ավելի քան 100 տոկոսով՝ համեմատած նախափորձարկման ժամանակահատվածի հետ: Մենք պետք է հասկանանք, որ մեր երեխաներն ավելի ու ավելի են սովորում դպրոցից դուրս, և պետք է դպրոցները բաց ուսումնական միջավայր դարձնենք, որպեսզի դրանք ոչ թե մրցեն երեխայի կրթության այլ ձևերի հետ, այլ լրացնեն միմյանց»,- իր խոսքում նշել է նախարարը՝ հավելելով, որ ՀՀ դպրոցներում ներդրվում է կրեդիտային համակարգ, որը թույլ կտա դպրոցներում ստացած կրեդիտները դիտարկել նաև բարձրագույն և մասնագիտական կրթության համար:

ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը հանդիպում են ունեցել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի հետ

Որպես արտաուսումնական ծրագրերի հաջողված օրինակներ՝ նա խոսել է «Թումո» կենտրոնների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասին: Նախարարն անդրադարձել է նաև մեդիագրագիտության կարողությունների զարգացման, ուսուցիչների մասնագիտական ազատության և տնօրենների գործունեության արդյունավետության մասին: Նա նաև շեշտել է, որ, կրթական համակարգին անհրաժեշտ են այնպիսի ուսուցիչներ և տնօրեններ, որոնք հանդես են գալիս որպես առաջնորդներ:

Համաժողովի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություներ: Նրանք հանդիպել են Լոնդոնի համալսարանի, Լոնդոնի արվեստի համալսարանի, Վեստմինստերի քոլեջի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, ծանոթացել բրիտանական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերին և ենթակառուցվածքներին:

Լոնդոն այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը հանդիպում են ունեցել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի հետ։

Նախարարն այցելել է նաև Բրիտանական թանգարան՝ դիտելու «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը:

Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի Կենտրոնական քոլեջը Լոնդոնում

Միջին ուսումնական հաստատություն Լոնդոնում