ԳլխավորԼուրԿրթություն

Համատարած 0-ներ. այս տարի ո՞ր մասնագիտությունները հրապուրիչ չեն եղել դիմորդների համար

Միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացն ավարտված է, և մինչ կամփոփվեն վերջնական արդյունքները, Usanogh.am-ը հավաքագրել է տեղեկություն այն մասին, թե հայաստանյան բուհերում կրթական որ ծրագրերի գծով դիմորդներ առհասարակ չեն հայտագրվել:

Այսպիսով` Հայկական պետական մանկավարժական համալսարանում «Սոցիոլոգիա», «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերի գծով ոչ մի դիմորդ չի հայտագրվել:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ» կրթական ծրագրի գծով ևս այս տարի դիմորդ չկա:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր» և «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտություններով որևէ դիմորդ չի հետաքրքրվել:

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում «Մասնագիտական մանկավարժություն` ռուսերեն, գերմաներեն և գրականություն» կրթական ծրագիրն այս տարի ոչ մի դիմորդի չի գրավել:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում «Գործիքային կատարողականություն-ջազ դաշնամուր», «Գործիքային կատարողականություն-ջազ հարվածային գործիքներ», «Գործիքային կատարողականություն-ֆագոտ», «Գործիքային կատարողականություն – սրինգ», «Գործիքային կատարողականություն — ջազ-սաքսոֆոն», «Գործիքային կատարողականություն – բլուլ» կրթական ծրագրերը նույնպես հրապուրիչ չեն եղել դիմորդների համար:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն», «Թատերագիտություն», «Կինոգիտություն» կրթական ծրագրերը դիմորդների հարցում «մնացել են ձեռնունայն»:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ», «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Ագրոէկոլոգիա», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» կրթական ծրագրերի գծով առհասարակ դիմորդ չի ունեցել:

Հայ-ռուսական համալսարանի պարագայում դիմորդների ուշադրությունից ամբողջովին դուրս է մնացել «Լրագրություն» կրթական ծրագիրը` կրկին 0 դիմորդով:

Մարզային բուհերի ամենաանհրապույր մասնագիտություններն` ըստ դիմորդների

Ինչ վերաբերում է մարզային բուհերին, ապա, ուշագրավ է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերում այս տարի առհասարակ ոչ մի դիմորդ չի հայտագրվել:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում «Երաժշտական արվեստ», «Գործիքային կատարողականություն-կլարնետ», «Դիրիժորություն», «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում», «Արվեստաբանություն» կրթական ծրագրերը մնացել են առանց որևէ դիմորդի:

Գավառի պետական համալսարանի «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագրերի գծով որևէ դիմորդ չի եղել:

Պատկերը նույնն է Գորիսի պետական համալսարանի «Էլեկտրաէներգետիկա» կրթական ծրագրի պարագայում:

Հիշեցնենք՝ 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացն ավարտվել է այսօր՝ ժամը 18.00-ին։