Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին գումար հարկ է փոխանցել միասնական քննությունների համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
«Սիրելի դիմորդներ և ծնողներ: Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին գումար հարկ է փոխանցել միասնական քննությունների համար: Եթե Դուք/Ձեր երեխան/ ներբուհական կամ նաև ներբուհական քննություներ է հանձնելու, զանգահարեք այդ բուհ, իմացեք հաշվեհամարը և բանկում վճարեք ա՛յդ համարին: Վճարեք դիմորդի անունով, որովհետև, եթե սխալմունք լինի, այդ գումարը վերադարձնելիս դժվարություններ կլինեն: Իսկ եթե արդեն սխալվել եք և ԳԹԿ-ի հաշվեհամարին եք վճարել, դիմում գրեք ԳԹԿ-ին, որպեսզի սխալմամբ փոխանցված գումարը վերադարձվի Ձեզ:
Հ.Գ. Միասնական քննությունները հանրակրթական առարկաներից են, այսինքն, այն, որոնք երեխան ուսումնասիրում է դպրոցում: Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, մարզական մասնագիտություններով դիմողները՝ Կոնսերվատորիայի, Թատերականի, ֆիզկուլտինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի, Մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի որոշ մասնագիտությունների դիմորդները»,-գրել է նա: