ԳլխավորԼուր

«Պետությունը չպետք է քիթը խոթի ընդունելության քննությունների մեջ». Ատոմ Մխիթարյան

Դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից առաջ

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի բուհերն այս տարի ունեցել են 13304 դիմորդ, որոնցից առաջին փուլով ընդունվել է 9147-ը։ Վճարովի տեղերն այս տարի եղել են 15 984, որոնցից համալրվել են 7242-ը։ Այս տարի բուհերում թափուր է մնացել 350 անվճար, 8764 վճարովի տեղ:

Usanogh.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը համոզմունք է հայտնում, որ  մեծ թվով թափուր տեղերի առկայության գլխավոր պատճառներից մեկն արդեն երկու տարի գործող կարգն է, ըստ որի դիմորդին իրավունք է տրվում հայտում միայն մեկ բուհ ու մեկ մասնագիտություն ընտրել.

«Եթե այս նոր կարգը չգործեր, այսչափ մեծ թվով թափուր տեղեր չէինք ունենա, դիմորդները  բուհերում հավասարաչափ կբաշխվեին: Հիմա դիմորդն ընտրում է կոնկրետ բուհ և մասնագիտություն, ընդ որում, ընտրվում են այնպիսի բուհեր և մասնագիտություններ, որոնց պարագայում մրցակցությունը բարձր է, դա նշանակում է, որ 1 տեղի համար կարող է լինել 2-3 դիմորդ: Եթե դիմորդը չի հաղթահարում նվազագույն շեմը, մրցույթից դուրս է մնում, ոչ մի տեղ չի ընդունվում, բայց եթե նույն դիմորդը դիմեր մեկ այլ բուհ, այլ մասնագիտության գծով, հավաքեր   նվազագույն միավորները, կդառնար ուսանող»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով` ստացվում է, որ դիմորդներից շատերը պարզապես դուրս են մնում մրցույթից, և մնում են այդքան մեծ թվով թափուր տեղեր: Ատոմ Մխիթարյանի կարծիքով`տեղին կլինի, եթե Հայաստանը կիրառի եվրոպական հայտնի փորձը, ըստ որի` դիմորդը հանձնում է  դպրոցի ավարտական քննությունները,  միաժամանակ, եթե նա ունի բարձրագույն կրթություն ստանալու միտում, իրեն հարմար ցանկացած պահի դիմում է հատուկ կենտրոն, հանձնում է քննություն և հավաքում համապատասխան միավորներ.

«Այդ կենտրոնները միշտ բաց են և ժամանակ առ ժամանակ կազմակերպում են թեստային քննություններ: Իհարկե, գործում է վերջնաժամկետ: Մեր դեպքում դա կարող էր լինել հուլիսը, որից հետո բուհերը կարող էին հայտարարել, որ, օրինակ, բոլոր այն ուսանողները, որոնք հավաքել են 30 միավոր երկու քննությունից, կարող են գալ, մեզ մոտ դառնալ ուսանող: Այս դեպքում թափուր տեղերի խնդիր այլևս չէր լինի, քանի որ  պետությունը չի սահմանում, թե քանի տեղ պետք է լինի բուհում: Եթե պետությունն այն համոզման է, որ, ասենք, Ֆիզիկայի ֆակուլտետում իրեն հարկավոր է 30 լավ մասնագետ,  ուղղակի  կարող է 30 կրթաթոշակ հատկացնել  այդ ֆակուլտետին և ինքը վճարել այդ ուսանողների ուսման վարձը: Իսկ թե թվյալ համալսարանը քանի ֆիզիկոս կպատրաստի, պետք է տվյալ բուհը որոշի»:

Կրթության փորձագետը շեշտում է` բուհը կարող է, օրինակ, 100 ֆիզիկոս պատրաստել, որից 30-ը` պետության կրթաթոշակով, մնացածի համար էլ կարող են իրենք վճարել, կարող են այլ աղբյուրներից  ֆինանսավորում գտնել. «Պետությունը չպետք է քիթը խոթի ընդունելության քննությունների մեջ, նա չպետք է  որոշի, թե բուհերում քանի մասնագետ է պետք, որովհետև դրանից հետո նա իր ասած թվի համար որևէ պատասխանատվություն չի կրում։ Օրինակ, պետությունն այս տարի 23 անվճար տեղ է հատկացրել  «Ֆիզիկա» մասնագիտությանը: Արդյո՞ք պետությունը այդ 4 տարիների ընթացքում  կհետևի  23 ուսանողի ուսման ընթացքին. իհարկե` ոչ, քանի որ որևէ մեխանիզմ չկա: Արդյո՞ք  ավարտելուց հետո պետությունը պատասխանատվություն է կրում  ֆիզիկոսներին  աշխատանքով ապահովելու համար. իհարկե ոչ: Պետությունը նույնիսկ պատասխանատվություն չի կրում այդ մարդկանց` Հայաստանում մնալու համար: Կարճ ասած` բուհերը պետք է ինքնուրույնություն ստանան,  իսկ պետությունն իր գումարները պետք է ծախսի շատ ավելի արդյունավետ»:

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը համաձայն չէ բանախոսի՝ թափուր տեղերի առաջացման վերաբերյալ տեսակետի հետ։

«Վերջին 3 տարում մրցույթը բաժանված է երկու մասի՝ հիմնական փուլում դիմորդները զբաղեցնում են դիմում-հայտում նշած միակ տեղը: Լրացուցիչ փուլում մրցույթն անցկացվում է հիմնական փուլից հետո թափուր մնացած տեղերի համար, այդպիսի 6 տեղ դիմորդը կարող է նշել հայտում: Մասնագիտությունները, բնականաբար, պետք է համապատասխանեն իր հանձնած քննություններին: Առաջներում մրցույթը 1 փուլով էր՝ մինչև 8 մասնագիտություն էին նշում՝ 4 անվճար և 4 վճարովի: Հետո առաջին հայտի գերակայության սկզբունք ներմուծվեց: Հիմա առաջին փուլում կարևորվում է մասնագիտական կողմնորոշումը, լրացուցիչ փուլում՝ պարզապես դրական միավորները: Հիմնական մրցույթի արդյունքում է, որ դիմորդների գրեթե կեսը համալրել է տեղերը՝ անվճար, եթե միավորները բարձր են եղել, և վճարովի, եթե ցածր են եղել: Առայժմ ոչ մի տեղ չընդունված դիմորդների համար հիմա լրացուցիչ փուլի հայտագրումն է՝ մինչև ուլիսի 26-ի ժամը 18-ը: Մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին»,-նշեց Խաչանուշ Գրիգորյանը։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ