ԳլխավորԼուր

Դպրոցի տնօրենի թեկնածուների ճնշող մեծամասնությունը չի հաղթահարում շեմը. նախարար

Ժաննա Անդրեասյան

Ինչպես գիտեք, հանրակրթության կառավարման ոլորտում էական փոփոխություններ են արվել, և արդեն իսկ դպրոցների տնօրենների լիազորությունների ավարտի դեպքում գործում է տնօրենների նշանակման նոր կարգը, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Արդեն իսկ իրականացված փորձաքննությունները ցույց են տալիս, որ զարգացման ծրագրերի որակը շատ հեռու է բավարար լինելուց, դիմողների ճնշող մեծամասնությունը չի հաղթահարում շեմը, այնինչ տնօրենի պաշտոնին հավակնող անձը, որ տնօրեն դառնալու պարագայում պետք է խորապես ընկալի ու պատասխանատու լինի կրթության որակի և գործընթացի բովանդակային կազմակերպման համար, պետք է առաջին հերթին ջանքը դնի դպրոցի զարգացման որակյալ ծրագրի կազմման համար։

Դեռ շատ տեղ ունենք աշխատելու այդ որակը ստանալու համար։ Սակայն միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած միջնորդության փորձ այս գործընթացում աշխատելու է ոչ թե կողմ, այլ դեմ։ Իսկ ծրագրերն այլոց մոտ գրել տալու, գրագողության փորձերը կասեցնելու ենք հենց սկզբից․ նման ծրագրեր ներկայացրած անձինք կհայտնվեն նաև հավաստագրից զրկվելու ուղիղ ռիսկի տակ՝ այդ փաստի հաստատման դեպքում։

Առաջարկում եմ կենտրոնանալ բովանդակային աշխատանքի վրա, դա է հաջողելու միակ ճանապարհը»,-գրել է նախարարը։