ԳլխավորԼուր

ՄԻՊ-ի աջակցությամբ Օշական գյուղի ընթերցողները կշարունակեն օգտվել գյուղում գործող միակ գրադարանից

Գրադարան

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը Օշական գյուղում գտնվող միակ գրադարանը Աշտարակ քաղաք չտեղափոխելու հարցում, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

Ըստ դիմումատուի՝ գրադարանը տեղափոխելու դեպքում կխախտվեն այնտեղ գրանցված շուրջ 650 ընթերցողների իրավունքները, քանի որ գրադարանից օգտվելը նրանց համար հասանելի չի լինի և լրացուցիչ անհարմարություններ կառաջացնի։

Բարձրացված հարցի առնչությամբ գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին։

Պատասխան գրություններով պարզաբանվել է, որ Պաշտպանի կողմից բարձրացված հարցը քննարկվել է Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի հետ, ինչպես նաև Աշտարակ համայնքի ավագանու նիստում։

Արդյունքում որոշում է կայացվել գրադարանը չտեղափոխել։ Ավելին, համայնքի մի շարք բնակավայրերում՝ այդ թվում` Օշականում, կնշանակվեն գրադարանավարներ, որոնք կապահովեն գրադարանների բնականոն աշխատանքը։