ԳլխավորԼուրԿրթությունՀեռավար կրթություն

Նախագահը տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար:

Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, 80-ականներին Հայաստանի հեռուստատեսությամբ ֆիզիկայի հեռուստադաս էի վարում»։

Դասախոսությունն Արմեն Սարգսյանը սկսել է օրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Վստահ եմ, որ հաղթահարելու ենք վիրուսը, մեզնից է կախված, թե որքան հաջող։ Կարծում եմ՝ այս առումով երեք հիմնական բաղադրիչ ունենք։ Նախ և առաջ, պետք է ծրագրենք մեր կյանքը։ Այս իրավիճակում, երբ ժամանակի մեծ մասը պետք է տանը անցկացնել, և հանրային կյանքի մեծ մասը դառնալու է վիրտուալ, ոչ միայն կառավարությունը, պետությունը, կառույցները, այլ ձեզնից յուրաքանչյուրը պետք է որոշի ծրագրել կյանքը, որպեսզի այն լեցուն ու հետաքրքիր լինի»։

Նախագահն ասել է, որ վիրուսների և բակտերիաների թիվը երկրագնդի վրա շատ մեծ է, ուզենք, թե չուզենք՝ պետք է սովորենք ապրել նրանց հետ։ «Որոշներին ճնշենք, որ մեզ չխանգարեն, որովհետև բակտերիաները շատ մեծ դրական դեր ունեն յուրաքանչյուրիս կյանքում, և նաև սովորենք, թե ինչպես հաղթահարել վիրուսները։ Հաղթանակի գինը կախված է մեզնից, թե որքան կազմակերպված ենք ու կարգապահ։ Կարևոր է նաև պատասխանատվությունը։ Պայքարի ձևը կարգապահությունն է, սոցիալական հեռավորություն պահելը։ Ես նորից կոչ եմ անում պահպանել այն սկզբունքները, որոնք ընկած են կառավարության որոշման մեջ։ Եթե կարող եք՝ ավելին արեք, բայց ոչ պակաս»։

Վերադառնալով արևելագիտությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մեծ գիտություն է, ներառում է հսկայական աշխարհագրություն, սակայն որպես օրվա դասախոսության թեմա ընտրվել է Միջին Արևելքը: «Ինչու՞։ Այդ հարցը ձեզ եմ տալու որպես տնային աշխատանք,-ասել է նախագահը։- Ինչո՞ւ եք կարծում, որ Միջին Արևելքը կարևոր է ընդհանրապես, կարևոր է մեծ տերությունների ու նաև մեր նման երկրի համար։ Առաջարկում եմ գրել տնային աշխատանք և այն ուղարկել homework1@president.am հասցեով։ Դիմում եմ ոչ միայն ձեզ, այլև ողջ արևելագիտության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներին, նաև մյուս համալսարաններին, հայ երիտասարդներին, ովքեր այլ երկրներում են, սոցիալական հեռավորության վրա և ժամանակ ունեն մտածելու Միջին Արևելքի դերի մասին։ Լավագույն աշխատանքները կստանան նախագահական մրցանակ»։

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here