ԳլխավորԺամանցԼուր

Կայացավ ԵՊՀ-ի «YSU Band»-ի սպասված մենահամերգը

«YSU Band»-ն այսուհետ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը հանդես կգա մենահամերգով։ Այդ համատեքստում նոյեմբերի 25-ին կայացավ մեկնարկային մենահամերգը, հայտնում են ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից։

ԵՊՀ ուսանողները շաբաթն ամփոփեցին՝ սիրելի ու հարազատ դարձած բենդի երգերն ունկնդրելով․ հնչեցին հին ու նոր, հայկական ու համաշխարհային սիրված երգեր:

Երևանի պետական համալսարանում, կրթական գործընթացներին զուգահեռ, կարևորվում է նաև ուսանողների արտալսարանային, մշակութային ակտիվ կյանքը:

2006 թվականին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ ստեղծվել է ԵՊՀ մշակույթի կենտրոնը, որի առաջնահերթ խնդիրներն էին բուհի մշակութային կյանքի, համալսարանականների շրջանում անցկացվող մշակութային միջոցառումների համակարգումը, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող կառույցների կազմակերպած միջոցառումների համախմբումն ու դրանց որակական չափանիշների ապահովումը: Այս ամենով պայմանավորված՝ արհեստավարժ ղեկավարների միջոցով կազմավորվեցին մշակութային բազմաբնույթ համույթներ, որոնց աշխատանքներում ներգրավվեցին ստեղծագործող և շնորհալի ուսանողներ, դասախոսներ:

Մշակույթի կենտրոնի կազմում գործում են «Համալսարանական» թատրոն-ստուդիան, աղջիկների պարային համույթը, երգչախումբը, երիտասարդ ստեղծագործողների խումբը, այդ թվում՝ Գրական ստուդիան, «Նիկե» ջոկատը, կինոակումբը և «YSU Band» երաժշտական խումբը, որոնց միջոցով իրականացվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ:

2022 թվականից կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի առաջարկով կենտրոնն անվանակոչվել է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։

Նշենք, որ «YSU Band»-ի հանդեպ հետաքրքրությունն օրըստօրե ավելանում է․ այս ուստարվա սկզբին բենդին միացած նոր ուսանողների շնորհիվ ավելացել են նաև գործիքները, որոնցով նրանք նվագում են։ Խումբը մշտապես թարմացնում է իր երգացանկը:

Բոլոր այն ուսանողները, որոնք ցանկանում են միանալ խմբին, կարող են դիմել ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 603 սենյակ)։