ԳլխավորԽճանկար

ԵՊՀ ուսանողուհին՝ Կահիրեում ապրելու ու սովորելու մասին

Անահիտ Խուդավերդյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող Անահիտ Խուդավերդյանը փոխանակման ծրագրով այժմ սովորում է Կահիրեում: Ysu.am-ի հետ զրույցում Անահիտը պատմել է մասնագիտության ընտրության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, երկու երկրների փոխառնչության և հայկական ավանդույթներով Ամանորն այնտեղ նշելու մասին:

Անահիտն ասում է՝ երբ կատարվեց երազանքն ու ընդունվեց ԵՊՀ՝ սահմանեց նոր նպատակներ, որոնցից մեկն արտասահմանում սովորելն էր: Նրա խոսքով՝ ֆակուլտետում համակողմանի գիտելիքներ ստանալով և արտասահմանում լեզվակիրների հետ հաղորդակցվելիս այն կիրառելով՝ զարգացնում է մասնագիտական հմտությունները, որոնք հետագայում մեծ պահանջարկ են ունենալու Հայաստանում:

«Սովորելով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում՝ ուսումնասիրում ենք ամբողջ Արևելքի պատմությունն ու մտովի պատկերացնում դրա ողջ հմայքը: Հատկանշական է, որ ԵՊՀ-ն հնարավորություն է ընձեռում տեսնելու այն երկրներից մեկը, որի մասին պարբերաբար լսում ենք դասերի ժամանակ: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է, որից պետք է օգտվել և արտերկրում ստացած գիտելիքները հետագայում կիրառել թե՛ բուհի, թե՛ երկրի զարգացման համար»,- խոսելով համալսարանական կրթության կարևորությունից՝ մեծ ոգևորությամբ պատմում է Անահիտը:

Նա ասում է, որ գնալով Կահիրե՝ կարճ ժամանակահատվածում օտար միջավայրում ապրելու փորձ է ձեռք բերել, ինչպես նաև համոզվել է՝ սահմանած նպատակներին հասնելու համար պատրաստ է հաղթահարելու բոլոր խոչընդոտները, քանի որ հաջողության գաղտնիքը համբերատարությունն ու նպատակին հասնելու ձգտումն է:

Խոսելով Կահիրեի լեզվի կենտրոնում անցկացվող դասապրոցեսի հագեցած լինելուց` Անահիտը նշում է, որ հաճախ կազմակերպվում են սոցիալական շփման միջավայր ստեղծող այնպիսի հանդիպումներ, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկիրը:

«Այստեղ ամեն մեկը մանրամասնորեն պատմում է իր երկրի, ազգային սովորույթների, ավանդույթների ու կրոնի մասին: Երբ ես խոսում եմ հայերի և Հայաստանի մասին՝ ներկայացնելով մեր երկրի տեսարժան վայրերը, նկատում եմ, որ ուսանողները մեծ հետաքրքրությամբ են լսում։ Նման խոսակցությունների արդյունքում է, որ բացահայտել ենք բազմաթիվ նմանություններ արաբական երկրների ներկայացուցիչների և հայերի միջև թե՛ լեզվական (հատկապես բարբառների) առումով, թե՛ առհասարակ մշակույթի, ճաշատեսակների և ավանդույթների»,- անդրադառնալով երկու ժողովուրդների ունեցած ընդհանուր հատկանիշներին՝ պատմում է Անահիտը:

— Փոխառնչությունները շատ են, այդ դեպքում Նոր տարին ո՞ր երկրի ավանդույթներով ես նշել:

— Որքան էլ փորձես Ամանորը նշել հայկական ավանդույթներով, ամբողջությամբ չի ստացվի: Տոներին ավելի ընդգծվեց այն, թե ինչպես կարող են երկու տարբեր ազգերի ներկայացուցիչներ միավորել իրենց մշակույթները, օրինակ, պատրաստելով ավանդական ուտեստներ: Այս օրերին, կարելի է ասել, ձևավորվել է մի յուրօրինակ «մշակութային երկխոսություն», որն էլ նպաստում է մեր աշխարհայացքի ընդլայնմանը:

Հարցին, թե ինչ կմաղթի համալսարանականներին Նոր տարում, Անահիտն ասում է. «Կրթությամբ ու գիտելիքների մեծ պաշարով դուք կարող եք հասնել նրան, ինչին ձգտում եք: Թող 2023 թվականը լինի մասնագիտական վերելքների ու նվաճումների, նպատակների կյանքի կոչման տարի…»: