ԳլխավորԼուր

Շրջափակման օրերին Արցախում ծնվել է 110 երեխա

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում:

Արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում:

2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:

Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա:

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։

Ճանապարհը շարունակում է փակ մնալ։