ԳլխավորԼուր

Մեկնարկել է «ԵՊՀ-Սթարմուս նոբելյան շաբաթը»

«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված առաջին դասախոսության ընթացքում Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոս Քիփ Թորնը և արվեստագետ, նկարչուհի Լիա Հալորանը ներկայացրին սև խոռոչների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները, արվեստի դերը գիտության զարգացման գործում և այն, թե ինչ կկատարվի մարդու հետ, եթե նա հայտնվի սև խոռոչի մեջ, հայտնում են ԵՊՀ-ից

Քիփ Թորնը, անդրադառնալով Սթարմուսին՝ որպես գիտությունն ու արվեստը միավորող փառատոնի, նշեց, որ արվեստ-գիտություն համադրությունը ոգևորիչ է տարբեր մշակույթների կրող երիտասարդների համար:

Անդրադառնալով արվեստի և գիտության համադրությանը՝ նկարչուհի Լիա Հալորանը նշեց, որ այն օգտագործվում է՝ բացատրելու, թե որքան հետաքրքիր է գիտությունը:

Քիփ Թորնը մեզ հետ զրույցում ներկայացրեց նաև հայազգի հետազոտողներից ստացած տպավորությունը․ «Իմ կարծիքով՝ հայազգի հետազոտողները չափազանց հետաքրքրված և ոգևորված են գիտությամբ: Ես շատ վառ տպավորություն եմ ստացել բոլոր այն հայ հետազոտողներից, որոնց ճանաչել եմ»։

Աստղաֆիզիկոսը գիտությամբ հետաքրքրվողներին արժեքավոր խորհուրդներ տվեց: Ըստ նրա՝ հաջողակ գիտնական լինելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ:

«Առաջին հերթին անհրաժեշտ է լինել գործի նվիրյալ, ցուցաբերել մեծ խանդավառություն և ունենալ մեծ հավատ սեփական ուժերի հանդեպ: Գիտության մեջ ներդրում ունենալու համար պահանջվում է հետևողական և մանրակրկիտ աշխատանք։ Ես միշտ երիտասարդներին ոգևորել եմ, որ հետաքրքրված լինեն նրանով, ինչ սովորում և ուսումնասիրում են և կենտրոնացնեն ողջ ուշադրությունն իրենց աշխատանքի վրա: Սա թերևս ամենագլխավոր պայմանն է»,- ընդգծեց Նոբելյան մրցանակակիրը:

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, խոսելով  ԵՊՀ-Սթարմուս համագործակցությունից և դրա շրջանակում կազմակերպված դասախոսություններից, շեշտեց դրանց կարևորությունը: Իր խոսքում նա ընդգծեց. «Սթարմուսն ուղղված է գիտության հանրայնացմանը և հիմնական նպատակներից է այն, որ հետազոտողները, ուսանողները, դպրոցականներն ու գիտությամբ հետաքրքրվող այլ անձինք էլ ավելի ոգևորվեն գիտությամբ»:

Ամփոփելով խոսքը՝ ԵՊՀ պրոռեկտորն ընդգծեց, որ այսօրինակ դասախոսությունները ներկաներին հնարավորություն կտան ծանոթանալու գիտության բնագավառում գրանցվող առաջընթացին՝ լսելով Նոբելյան մրցանակի դափնեկիրներին։

Դասախոսության մասնակից, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Րաֆֆի Շահմուրադյանը, խոսելով ԵՊՀ-ում անցկացվող դասախոսություններից, նշեց. «Երբ իմացա, որ ԵՊՀ-Սթարմուս համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարան են այցելելու Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, շատ ոգևորվեցի․ հետաքրքիր է լսել բազում գրքերի ու ֆիլմերի հեղինակի, մարդու, որը գիտության մեջ մեծ ավանդ ունի»:

ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ Վյաչեսլավ Պետրոսյանը ասաց․ «Ես հետաքրքրված եմ աստղագիտությամբ, ֆիզիկայով, հետևաբար որոշեցի ներկա լինել ԵՊՀ-ում անցկացվող Նոբելյան դասախոսությանը: Կարծում եմ՝ կարևոր է ոչ միայն դասախոսություն լսելը, այլև այսպիսի միջավայրում գտնվելը։ Բանախոսն այսօր ներկայացրեց աստղաֆիզիկայի բնագավառին առնչվող նոր փաստեր, պատմեց սև խոռոչների և դրանց գրավիտացիոն ալիքների մասին, ինչը չափազանց հետաքրքիր էր ինձ համար: Պարբերաբար մասնակցում եմ ԵՊՀ-ում կազմակերպվող միջոցառումներին և ամեն անգամ նոր գիտելիքներ ձեռք բերում»։

«Սթարմուսը միավորում է գիտությունն ու արվեստը: Կարծում եմ՝ այս դասախոսությունը բացառիկ էր և կարևոր էր թե՛ գիտնական-հետազոտողների, թե՛ ուսանողների համար: Այսպիսի դասախոսությունները, գիտելիք տալուց բացի, նաև առաջացնում են գիտությամբ զբաղվելու ոգևորություն: Հաճելի էր նորից վերադառնալ հարազատ համալսարան ու լսել դասախոսություն»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ շրջանավարտ Վաչիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում ս.թ. սեպտեմբերի 6-9 համալսարան են այցելելու Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոսներ և աստղաֆիզիկոսներ Միշել Մայորը (սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին) և Էմանուել Շարպենտիեն (սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին), որոնք հանդես կգան դասախոսություններով: Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսվում է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկում՝ հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանի, ԵՊՀ շրջանավարտ, Սթարմուս փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և գրող Դեյվիդ Ջոն Էյքրի մասնակցությամբ։