ԳլխավորԼուր

Արփի Սինանյանը NEUE STIMMEN  միջազգային վոկալ մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և 15 000 եվրո դրամական պարգևի

Երգչուհի Արփի Սինանյանը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի շրջանավարտ Արփի Սինանյանը Գերմանիայում անցկացված NEUE STIMMEN («Նոր ձայներ») միջազգային վոկալ մրցույթում արժանացել է կանանց անվանակարգի առաջին մրցանակի և 15 000 եվրո դրամական պարգևի, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել 2026 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Գերմանիայի Գյուտերսլո քաղաքի Stadthalle համերգասրահում։ Արդյունքները հոկտեմբերի 10-ին հրապարակել է մրցույթի կազմակերպիչ Լիզ Մոնի հիմնադրամը։

NEUE STIMMEN միջազգային վոկալ մրցույթը հիմնադրվել է 1987 թվականին և անցկացվում է երկու տարին մեկ՝ նպատակ ունենալով բացահայտել ու աջակցել երիտասարդ օպերային երգիչներին։

2026 թվականին մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 1126 երգիչ՝ 69 երկրից։ Նախնական ընտրության արդյունքում 467 մասնակից հրավիրվել է կենդանի լսումների, իսկ եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք է ստացել 41 երգիչ՝ 18 երկրից։ Նրանցից 16-ն անցել են կիսաեզրափակիչ, իսկ ութը՝ եզրափակիչ։

Մրցույթի ինն անդամից բաղկացած միջազգային ժյուրին նախագահել է Փարիզի ազգային օպերայի տնօրեն Ալեքսանդր Նեեֆը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել եվրոպական և ամերիկյան առաջատար օպերային թատրոնների ղեկավարներ ու մասնագետներ։

Եզրափակիչ համերգին մասնակիցներին նվագակցել է Դույսբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Վիտալի Ալեքսեենոկի ղեկավարությամբ։ Համերգը հեռարձակվել է OperaVision միջազգային հարթակում։

Արփի Սինանյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (Young Artists Opera Program, YAOP) շրջանավարտ է։ Ծրագիրը նպաստում է երիտասարդ երգիչների մասնագիտական զարգացմանը, բեմական փորձի ձեռքբերմանը և միջազգային մրցույթներին պատրաստվելուն։

Նշենք, որ 2026 թվականի սեպտեմբերին Արփի Սինանյանը Հունգարիայում անցկացված Եվա Մարտոնի անվան միջազգային վոկալ մրցույթում արժանացել էր երրորդ մրցանակի։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Երգչուհի Արփի Սինանյանը