Ավստրալիայի ոստիկանությունը մայիսի 18-ին մեղադրանք է առաջադրել գերմանացի ուսանողին այն բանի համար, որ նա ներխուժել է Սիդնեյի թանգարան, քանի որ անվտանգության ծառայության տեսանյութում երեւում է, թե նա ինչպես է սելֆի անում դինոզավրի ցուցանմուշի հետ, տեղեկացնում է «Գարդիանը»։
Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Պոլ Կունը մայիսի 10-ին՝ կեսգիշերն անց ներխուժել է թանգարան եւ 40 րոպե անցկացրել այնտեղ։
«Նա մի քանի սելֆի է արել, ինչպես նաեւ հափշտակել է պատից կախված մի գլխարկ եւ նկար եւ հեռացել»,-լրագրողներին հայտնել է Նոր Հարավային Ուելսի ոստիկանության գլխավոր տեսուչը։
25-ամյա ուսանողն այսօր ներկայացել է դատարան, որտեղ նրան կովբոյական գլխարկ եւ արվեստի նմուշ գողանալու մեղադրանք է առաջադրվել։
Երիտասարդը գրավի դիմաց ազատ է արձակվել՝ պայմանով, որ կհանձնի անձնագիրը եւ կպահպանի պարետային ժամի կանոնները։
Սիդնեյի թանգարանը հնագույնն է երկրում։ Վերանորոգման աշխատանքների պատճառով այն փակ է այցելուների համար 2019-ի օգոստոսից։
Հավելենք, որ այսօր Թանգարանների միջազգային օրն է։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։