Լյուդմիլան սովորում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 3-րդ կուրսում: Արցախցի է, ծնվել է Ստեփանակերտում, հետո ապրել է Բերձորում, Քարեգահ գյուղում: Դեռ 2020-ին հարազատ գյուղը հանձնվեց թշնամուն, իսկ այսօր նաև Ստեփանակերտն ու ամբողջ Արցախն է դատարկվում բնակիչներից:
Ծնողները բնիկ արցախցի են, հայրը, որը առողջական խնդիրներ ուներ դեռ Քառօրյա պատերազմի տարիներից, 2020-ին հեռացել է կյանքից: Հիմա Լյուդմիլա Բաբայանն ապրում է Երևանում մայրիկի և եղբոր հետ:
Արցախը` վառ հիշողություններում
Վերջին երեք տարում Արցախում այդպես էլ չեղա: 2020-ն էր, մի օր ասացի, որ ցանկանում եմ գնալ մեր գյուղ: Հայրս չթողեց, ասաց` թող քո հիշողությունների մեջ Արցախը կանգուն մնա: Հիմա արդեն ուրախ եմ, որ իմ աչքերով չտեսա տունս այրված, փողոցներս` ամայի: Իմ հիշողություններում ծննդավայրս մնաց վառ ու պայծառ գույներով: Կորստի ցավը, իհարկե, բթացնող ցավ է, ամեն դեքում հույսս երբեք չեմ կորցնում…
Երբ պայթում են արկերը…
Անընդհատ կապի մեջ եմ արցախցի ընկերներիս հետ: Մի մասն արդեն ճանապարհին է, գալիս են…Ընթացքում զրուցում ենք, կիսվում ենք, միմյանց հետ լալիս ենք…Կորուստն անդառնալի է…Գիտե՞ք` երբ Արցախում միացել է օդային տագնապի ազդանշանը, քեռուս ընկերներից մեկի տղան դպրոցից վախեցած դուրս է եկել ու չի իմացել` որ կողմ գնա… Արկը պայթել է հենց կողքին, ուղեղի ցնցումից մահացել է։ Այդպիսի պատմությունները բազմաթիվ են։
Դասադուլ, ցույցեր, բա ի՞նչ անեն…
Առհասարակ, բարձր եմ գնահատում ուսանողության դերը հասարակական գործընթացներում: Հենց նրանք են հետագայում դառնալու ամենատարբեր բնագավառներում լավագույն մասնագետների կորիզը: Բայց այսօր բուհերում տեղի ունեցող դասադուլների, հրապարակի ցույցերի վերաբերյալ բավական հակասական են մոտեցումները… Արցախցի ընկերներս կարող են հարցնել` ինչու դուրս չեմ գալիս, չեմ միանում ցույցերին: Գիտե՞ք` ես դա լուծում չեմ համարում: Եթե գնամ հրապարակ, փակեմ փողոցներ, դրանով հարց չի լուծվելու: Չեմ ասում, թե ցուցարարները սխալ են գործում, որ բողոքի ակցիաներ չպետք է լինեն։ Ամենևին։ Ընկերներիցս շատերը, որոնք մասնակցում են ցույցերի, պարզապես չէին կարողանում կապ հաստատել Արցախում գտնվող իրենց ծնողների հետ…Ես հասկանում եմ, որ միակ բանը, որ իրենք կարող են անել` փողոց դուրս գալն է, իրենց զայրույթն այդպես արտահայտելն է: Նրանց երբեք չեմ մեղադրի: Երևի մոտեցումս պայմանավորված է նաև իմ մասնագիտությամբ: Ամեն դեպքում, ընկերներս գիտեն, որ ցանկացած պահին իրենց կողքին եմ:
Ուսանողները պետք է դառնան կամավորներ
Ուսանողները պետք է պատրաստ լինեն մինչև կեսգիշեր բրինձ լցնել տոպրակների մեջ, ինչպես ես ու ընկերներս էինք անում երեք տարի առաջ: Երբ 2020-ին նոր էինք եկել Երևան, մասնակցում էի կամավորական աշխատանքների, և իմ ընտանիքի նման ընտանիքների համար սննդամթերքներով կապոցներ էի պատրաստում: Հիմա ևս լիովին պատրաստ եմ լծվելու կամավորական աշխատանքների: Սա պետք է լինի բոլորիս պարտքը:
Մեր` 2000-ականների սերունդը…
Մեր սերնդի մասին ամենատարբեր կարծիքներ եմ լսել, այդ թվում` բացասական,բայց հատկապես վերջերս հաճախ եմ հիշում ուսուցչուհուս խոսքերը. «Դուք այն սերունդն եք, որը դեռ ապրելու է Արցախում»: Եվ չնայած այս արհավիրքին, վստահ եմ, որ այդպես էլ լինելու է։ Մեր սերունդը սթափ է, հստակ գիտի` ինչ է կատարվում: Ու ես հավատում եմ, որ մենք Արցախը հետ ենք բերելու։
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ