Երկխոսություն ինքս ինձ հետ
Առավոտ. արցախյան գեղեցիկ առավոտներից մեկը։ Հրաշալի օր դպրոցում, լիացած դասաժամեր, և այս ամենը թվում է հեքիաթ մինչ այն պահը, երբ հասա տուն։
Դասղեկը՝ սօր էրկու տաս անում չենք, քեցիք տոն։
Ուռա՜, գոռում էինք մենք, հետո դուրս եկանք դասարանից։
-Արևիկ, կյամ չը՞ս
-Մի րոպե, տեսնամ խմբակ կա, թա չէ։
Դպրոցի ուսուցիչներից մեկը.
-Չէ՜, խմբակավարը ստեղ չի, քյա տոն։
-Լավ, ասացի ես հոգոց հանելով։
Ճանապարհին տեսա Արփիին.
-Արփի, Արենին ասե, եք քյանք տոն, ես շուտում պրծալ, միասին քյանք։
-Չէ՜, Արևիկ մունք խմբակ օննենք։
-Հաաա, դե լավ։
Ես արագ ճանապարհ ընկա տուն, չգիտեմ ինչ զգացում էր, բայց ես աշխատում էի շուտ հասնել տուն, ճանապարհին մեր բոստանն էր, այնքան գեղեցիկ էր մշակված, տատիկին հարցրի.
-Տատի, մաման տաննա, թա՞ տեղ։
-Քացալա տոն։
-Լյավ ապրես, դե ես քյամ տոն։
Հասա տուն, մտա խոհանոց, մայրս էր տխուր նստած.
-Մա՞մ, էտ հինչա իլալ։
-Է՜, պապային պոլկան ծենն տուվալ առավոտե, իրավիճակը փիսա։
-Է՜, մա՜մ, խե. այդ պահից արդեն տրամադրությունս ընկավ։
-Եք, եք հաց կեր, քինանք ծմեռային կոշիկնեն տուս տանք։
-էհ, մամ, պապան կկյա, չէ՞, երևի, հասկանալով, որ հարցի պատասխանը գիտեմ։
Դու ամբողջ մարմնով դողում էիր, երանի չլիներ այդ ամենը։
Այո, դողում էի, բայց ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես ծանր վիճակում էի, դողը ներսի անկարողությունն էր։
Հա, ճիշտ ես։
Լավ, անցնեմ առաջ, դեռ պատմելու շատ բան ունեմ։
-Մամ, սօր էրկու տաս ըրալ չում, շատ սոված չում, քյանք տուս տանք՝ նոր կոտեմ։
-Հա դե լավ, եք։
Մենք գնացինք, հանեցի կոշիկս, և հենց այդ պահին մի դղրդոց եկավ, անսովոր էր, բայց չպատկերացրի, որ կրակոցի ձայներ են, հետո մի քիչ տարակուսած կոշիկը ձեռքիս երկու քայլ առաջ գնացի ու լսեցի վախվորած զրույցներ, որ պատերազմ է սկսվում, ու այդ ձայնը հեչ էլ սովորական չէր, այլ դժոխքի սկիզբը, դողը ավելի ուժեղացավ, ու ոչ միայն խուճապը ինձ քարացրել էր, երբեք այդ զգացողությունները չէին եղել, չգիտեի՝ հայրիկիս մասին մտածեմ, քեռիներիս, թե ծանոթների, բոլորը բանակի զինծառայողներ էին, և այդ պահին սկսվեցին ձայները, ես չէի վախենում ձայներից, այլ նրանից, թե ինչքան մարդ է զոհվում ամեն մի ձայնի հետ։
-Վա՜յ Արենն ու Արփին, քյամում խոցը պիրիմ։
Պապիկս մեզ ետ տվեց, և ինքը գնաց քրոջս ու եղբորս հետևից։
Ես զգոնացա և մայրիկին տարա տուն, հետո գնացի փաստաթղթերի ետևից, որը մի փոքր ճամպրուկի մեջ էր, արագ վերցրի, իջեցրի նկուղ, հետո մի քանի շիշ ջուր իջեցրի, մի քանի րոպե անց տատիկս եկավ, լացելով ու անիծելով թուրքերին, ամեն մի վայրկայնը աղոթքներով էր անցնում, այդպես անցավ մի քանի ժամ, ես այդքան ժամ սոված էի, բայց չէի ցանկանում ուտել ինչքան, որ մայրս էր ստիպում և ինքն էլ չէր ուտում։
Համարյա մթնեց, նայում էի շուրջս, ու բոլորը քարացած էին, մի պահ կտրվեցին ձայները, հավատում էի, որ վերջացել է, բայց կարճ տևեց, նորից սկսվեց, բայց ձայները բարձր չէին այդքան։
Ժամը դարձավ 9-ը, էլի կրակում էին, բայց ոչ այդքան շատ, մայրս զանգում էր հայրիկին, քեռիներիս, ասացին, որ գյուղից քեռիս է ոտքից վիրավոր, և դպրոցի ուսուցիչներից ընկեր Միրզաբեկյանը։ Ես մտքում ասացի, որ լավ է, որ վիրավոր է, զոհ չէ, վատից վատ էլ կա, և սա այդ դեպքն էր։
Հետո իմացանք, որ թուրքերը Գետավան են հասնում, Արփին մայրիկիս ասաց.
-Մա՜մ, վար պապան ստեղ չի, մինա մեզ էլ, չէ, տուս կոնեն։
Մամաս արցունքները աչքերին ասաց.
-Հա, ցավդ տանեմ, մունքելնք տուս կիլան, եթե լոխ քյան։
-Մամ, պապային ասե կյա, խե՞յա մեզ մենակ թողալ, խե՞ չի կյամ,- լացելով ասում էր Արփին։
-Կիլանա, բալաս, լաց մի ինիլ։
Մենք դուրս եկանք, ես երկա՜ր նայեցի սեղանին դրված իմ նոր վերջացրած գրքին, սրտիցս արյուն էր կաթում, բայց չվերցրի, ինչքան էլ որ իմ ամենաթանկ աշխատանքներից էր, 252 էջ։
Մեզ հետ վերցնելով հաց, ջուր, այն մտքով, որ կգնանք անտառ, բայց հասանք գյուղամեջ և մեզ ասացին, որ գնալու ենք Ստեփանակերտ, հետո մեր «Ֆորդը» բերեցին, և մոտ 25-հոգի բեռնախցիկում էին, գետնին, շնչելու օդ էլ չկար, բեռնախցիկում նույնիսկ ուշագնաց էին լինում, մի կերպ հասանք Ստեփանակերտ, այնտեղ իմացանք, որ քեռիս ոչ թե վիրավոր, այլ զոհ էր, ու ընկեր Միրզաբեկյանից էլ լուր չկա։
-Վատ է, բայց հաղթեցիր, ուժեղ ես։
-Ուժեղ եմ, բայց կիսատ։
Սա մի մասն է, որը կարողացա ամբողջացնել ու գրել, սա կարող ենք կարդալ, միգուցե նաև հասկանալ, բայց ոչ՝ զգալ։
ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԻՅԱՆ, 12 տարեկան
Արցախ, Մարտակերտի շրջան, գյուղ Վերին Հոռաթաղ
Խմբագրության կողմից. Արևիկ Հայրիյանն ընտանիքի հետ Արցախից բռնի տեղահանվելուց հետո բնակվում է Լոռու մարզում. հասցեն՝ Տաշիր, Արցախի փողոց, 19-րդ տուն։ Հեռախոս՝ 095-66-32-88։
Նրանց առաջին անհրաժեշտության բազմաթիվ պարագաներ են պետք։