ԳլխավորԼուր

Արցախում կորցրել ենք 107 դպրոց, որտեղ աշխատում էին 1764 ուսուցիչ, սովորում՝ 8155 աշակերտ

Շուշի, դպրոց

Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում արդեն կանոնավոր գործում են հանրակրթական դպրոցական հաստատությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Պատերազմական գործողությունների հետևանքով կորցրել ենք 107 դպրոց, որտեղ աշխատում էին 1764 ուսուցիչ, սովորում՝ 8155 աշակերտ: Արցախի տարածքում գտնվող բնակավայրերում այժմ առկա է 110 դպրոց: Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների և  Ստեփանակերտի դպրոցներում սովորում է շուրջ 1700 աշակերտ:

Սահմանային լինելու պատճառով չեն գործում միայն Մարտունու Թաղավարդ, Կալեր համայնքների և Ասկերանի Սզնեք գյուղի կրթօջախները: Մասնավորապես՝ Սզնեքի դպրոցը, սահմանից մոտ 120 մետր հեռավորության վրա է գտնվում:

Շուշիի շրջանի՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից, դպրոցներ են գործում Հին Շենում ու Եղցահողում, իսկ Մեծ Շենի կրթօջախն առայժմ չի գործում՝ աշակերտ չլինելու պատճառով:

Լիսագորում այժմ 2 աշակերտ կա, և ըստ դպրոցի տնօրենի՝ առաջիկայում դպրոցականների թիվն աճելու է, և այստեղ ևս կրթօջախը կգործի:

Քաշաթաղի շրջանում գործում է միայն Աղավնոյի դպրոցը, որտեղ ժամանակավորապես կարող են հաճախել նաև Ներքին Սուսի փոքրաթիվ աշակերտները: Որքանով տեղյակ եմ, Բերձորում նույնպես դպրոցական երեխաներ  կան: Նրանք առայժմ  ավտոմեքենաներով կհաճախեն Աղավնոյի դպրոց, մինչև որոշվի Բերձորի կարգավիճակի հարցը»,-մանրամասնեց փոխնախարարը:

Լուսանկարում՝ ադրբեջանցիների կողմից հրետակոծված դպրոց Շուշիում։

Comment here