ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը դարձավ 26։
Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Նարեկ Զեյնալյանը։
Մինչ այս՝ կերակրողին կորցրած ուսանողները, որոնք սովորում են առկա ուսուցմամբ բուհերում, գործող օրենսդրությամբ կարող են ստանալ կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու նպաստ և այդ իրավունքը կարող էին պահպանել մինչև 23 տարեկանը: Այս դրույթը հաստատվել է՝ ելնելով նախկինում գործող 10-ամյա միջնակարգ կրթության և մեկաստիճան բարձրագույն կրթության համակարգից:
2004 թ. ՀՀ-ում անցում է կատարվել երկաստիճան բարձրագույն կրթության համակարգի, իսկ 2009 թ. անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթության, որի արդյունքում նշված իրավունքից օգտվող ուսանողները ոչ թե 23 տարեկանում են ավարտում բուհը, այլ ավելի ուշ: Նախագծի նպատակն է շտկել օրենսդրության մեջ գոյացած այն բացը, որի արդյունքում երեխաների մի մասը զրկվել է օրենսդրությամբ օժտված իրավունքից, և տարիքային շեմը 23-ից բարձրացնել 26-ի:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։