Կորոնավիրուսը շարունակում Է տարածվել աշխարհում. փետրվարի 28-ին վարակման առաջին հաստատված դեպքերի մասին հայտնի է դարձել Բելառուսում, Լիտվայում, Նիգերիայում եւ Նոր Զելանդիայում: Երկրների թիվը, որտեղ գրանցել են նոր վիրուսը, գերազանցում է 50-ը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իրադրությունը շարունակում է բացասաբար ազդել տնտեսության վրա: Սակարկություններն անկումով են ավարտվել հիմնական ասիական բորսաներում, հանգուցային ամերիկյան ինդեքսներն ընկել են մոտավորապես 4,5 տոկոսով:
Dow Jones-ը կորցրել է գրեթե 1200 կետ, ինչն ամենալուրջ անկումն է դարձել նրա ողջ պատմության ընթացքում։ Ընկնում են նաեւ նավթի համաշխարհային գները. Brent-ի մայիսյան ֆյուչերսները փետրվարի 28-ի առավոտյան էժանացել են գրեթե 3 տոկոսով, գինը մոտենում Է բարելի դիմաց 50 դոլարի նշագծին:
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է վարակման 327 նոր դեպք, մահացել է 44 մարդ: Վիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է գրեթե 2,8 հազարի:
Հարավային Կորեայում, որը վիրուսի խոշորագույն օջախն է ՉԺՀ-ի սահմաններից դուրս, վարակվածների թիվը հասել է 2337-ի, մահացել է 13 մարդ: Ճապոնիայում (վարակման 900-ից ավելի դեպք, 8 մահացած) իշխանությունները պաշտոնապես խնդրել են ժամանակավորապես փակել երկրի բոլոր դպրոցները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Բարդ իրավիճակ է պահպանվում Իտալիայում (650 վարակված, 17 զոհ):
ԱՄՆ-ում կրկնակի աճել է վարակվածների թիվը. Կալիֆոռնիայում հայտնաբերել է առնվազն 33 նոր դեպք:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։