Մի′ սպանեք զինվորին՝ ներկայի, ապագայի կամ անցյալի։ Չարության, անհանդուրժողականության, մեծամտության, անխոհեմության այն չափը, որ լրատվամիջոցներից, սոցցանցերից թափվում է փողոցներ ու տներ կամ իրական կյանքից՝ լրատվամիջոցներ ու սոցցանցեր, միջուկային ռումբի չափ էներգիա ունի եւ ընդունակ է պայթեցնելու ցանկացած գերտերություն, էլ ուր մնաց Հայաստանիս պես ու չափ, 29 տարում այդպես էլ իր հստակ ուղին ու ազնիվ իշխանավորին եւ քաղաքացուն չգտած երկրին ու պետությանը։ Պետություն, որի պետականության տակ անընդհատ արկեր են պայթում ու պայթեցվում։
Մի′ սպանեք զինվորին՝ անիմաստ ու անմիտ վեճերով այն մասին, թե նախկիններն են ավելի շատ թալանել, թե ներկաներն են ավելի շատ պարգեւավճարներ ստանում, նրանք էին վատը, թե սրանք են ամենալավը, հայհոյանքն ու մաղձը մի թափեք իրար վրա որտեղ ասես եւ ոնց ասես՝ 60-ամյա կանանց կամ բարձրաստիճան պաշտոնյայի բերանով, տրանսպորտում թե կանգառում, ասուլիսի ժամանակ թե ուղիղ եթերում, ազգային կոչվող խորհրդարանում թե ապազգային ֆեյսբուքներում։
Մի′ սպանեք զինվորին՝ ամենքին ու ամեն ինչին վերեւից նայելով, միակ սուրբի շղարշը ձեր վրա քաշելով, գեներալների մասին քամահրանքով խոսելով ու քրեական գործերով իբր վախեցնելով։ Սրտացավ եղեք ու գնացեք յուրաքանչյուր զոհի հետեւից մինչեւ վերջ՝ պարզելու մահվան իրական պատճառները, պատժելով իրական մեղավորներին ներքեւից վերեւ, ու ոչ թե նրբիկ նկատողություն հայտարարելով, այլ օրենքի ուժով խեղելով մարդասպանների ու նրանց մարդ սպանելու հնարավորություն տվածների կյանքը։ Մի′ ավելացրեք սեւազգեստ մայրերի թիվը, ում համար միեւնույնն են թե′ նախկինները, թե′ ներկաները, իրենք բանակ ուղարկած իրենց երեխային են պահանջում։
Կանգ առեք, մի′ սպանեք զինվորին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։