ԳլխավորԼուր

Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ռեկտորներին ներկայացվող պահանջներից հանվում է դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունենալու պահանջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորին ներկայացվող պահանջներից հանվեց նաև ժողովրդական արտիստի կամ վաստակավոր արտիստի, կամ արվեստի վաստակավոր գործչի, կամ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում ունենալու պահանջը:

Արդյունքում բոլոր ուսումնական հաստատությունների ռեկտորին ներկայացվող պահանջներում առկա է ցանկացած գիտական աստիճանի և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ:

Երևանի պետական համալսարանի, Բժշկական համալսարանի, Գորիսի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության պետական, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարաններում ռեկտորի պաշտոնում կարող էր ընտրվել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունեցող անձը:

Իսկ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բացի այս պայմաններից, սահմանված էին նաև լրացուցիչ պահանջներ (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կամ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կամ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում):

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ ամրագրելու անհրաժեշտությամբ, որովհետև պետական մի քանի բուհերի կանոնադրություններում ռեկտորի ընտրության համար նախատեսված չեն դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչման պահանջներ, փոխարենը առկա է ուղղակի գիտական աստիճանի և աշխատանքային ստաժի պահանջ: Այդ համալսարաններն են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան:

Որոշման մեջ նշված է նաև, որ առաջարկվող փոփոխությունը պետական համալսարանների կառավարման խորհուրդներին կընձեռի հնարավորություն ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերել ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը:

Comment here