ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ում ուսանողների թիվը նվազում է

Հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 31-ին կայացավ բուհի հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստը խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ։ Նիստին ներկա էր խորհրդի 17 անդամ, տեղեկացնում են ՀՊՄՀ-ից։

Ռեկտորի պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանը խորհրդի անդամներին ներկայացրեց ՀՊՄՀ-ի 2021 թվականի ֆինանսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունը՝ տարվա դրամական մուտքերի և ելքերի դինամիկան, դրամական ելքերի բաշխվածությունը, 1-ին կուրսեցիների և ուսանողների ընդհանուր թիվը ըստ տարիների:

Սրբուհի Գևորգյանը բուհի ֆինասական գործունեությունը տարեկան կտրվածքով համարեց դրական՝ նշելով, որ 2022 թվական համալսարանը մուտք է գործել տնտեսումով և չնայած ուսանողների թվի կրճատմանը՝ բուհը ֆինանսական կայուն վիճակում է, ունի վերջին երեք տարիների ամենաբարձր տնտեսումը:

Ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ բուհի ներկայիս ֆինանսական կայունությունը պայմանավորված է նաև տարիներ առաջ վարձավճարների բարձրացմամբ:

Բուհի գործունեության մյուս մանրամասներն ամփոփված էին մանկավարժական համալսարանում 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պատրաստած տեսաֆիլմում:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը մտահոգիչ համարեց վերջին տարիներին բուհի ուսանողների թվի նվազումը և կարևոր համարեց պարզաբանել՝ նվազումը համաչա՞փ է, թե՞ որոշ մասնագիտություններ այդ ցանկում գերակշռում են:

Խորհրդի նախագահը հորդորեց նաև առավել ակտիվ մասնակցել դրամաշնորհային ծրագրերին՝ խթանելով բուհի համապատասխան կարողություների, ռեսուրսների զարգացումը:

Նիստի ընթացքում խորհրդի անդամները հաստատեցին 2022 թվականի բյուջեի նախահաշիվը, որոշ հաստիքների կրճատումների և փոփոխությունների վերաբերյալ փաստաթուղթը:

2022 թվականի ֆինանսական նախահաշվի մասին խոսելիս՝ Սրբուհի Գևորգյանը նկատեց, որ նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել Աղավնաձորի ուսումնական բազայում. նախահաշվում տեղ են գտել նաև բուհի 100-ամյակի միջոցառումներին ուղղված ծախսերը, աշխատողների առողջապահական ապահովագրությունը և այլն:

Հոգաբարձուների խորհրդի նիստում աշխատանքային բուռն քննարկում ծավալվեց բուհի՝ 2021-2025 թթ. Ռազմավարական ծրագրի շուրջ:

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ բաց են ցանկացած առաջարկի և դիտարկման համար։

Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որի աշխատանքի արդյունքում փաստաթուղթը կստանա ամբողջական տեսք:

«Բուհի ռազմավարության տեսանկյունից՝ Հոգաբարձուների խորհուրդն ունի առանցքային դեր: Մենք պարտավորված ենք աջակցել, և չպետք է հաստատենք փաստաթուղթ, որտեղ մանկավարժական բուհի օրվա կարևոր խնդիրները շատ ուղիղ ձևով արտացոլված չեն:

Մենք պետք է սահմանենք թիրախ, որ առաջիկա տարիներին ավելացնենք ինչպես դիմորդների, այնպես էլ խնդրահարույց համարվող մասնագիտությամբ հետաքրքրվողների թիվը»,-նիստի ընթացքում նշեց Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն ու հավելեց՝ խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր ղեկավարած կառույցի շրջանակներում իրականացվող ծրագրերում պետք է ընդգրկի Մանկավարժականն ու վերջինիս հետ հաստատի կայուն գործընկերություն:

Խորհրդի անդամները որոշեցին բուհի Ռազմավարական ծրագրի հաստատումը տեղափոխել հաջորդ նիստին:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց նաև ՀՊՄՀ-ի վարժարանի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների շարունակության թույլտվությունը, ապա քննարկեց կատարված գործառույթի իրավական գնահատականի վերաբերյալ մի շարք հարցեր:

Նիստում որոշվեց ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի օրը. այն կանցկացվի մարտի 19-ին` ժամը 10:00-ին: