ԳլխավորԼուր

ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետն այս տարի ունի 123 շրջանավարտ

ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետն այս տարի ունի 123 շրջանավարտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հուլիսի 6-ին մասնակցել է Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը, հայտնում են նախարարությունից:

Արաքսիա Սվաջյանը, որը նաև ՀՊՄՀ խորհրդի անդամ է, շնորհավորել է շրջանավարտներին ու նրանց մաղթել է հետաքրքիր աշխատանքային գործունեություն, արդյունավետ ու բեղուն ընթացք։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ հատուկ մանկավարժների նոր սերունդը ստացած կրթության շնորհիվ ոլորտում կբերի անհրաժեշտ փոփոխություններ:

«Համընդհանուր ներառական կրթությունը ներդրվում է կրթական բոլոր մակարդակներում։ Սա նշանակում է, որ մեր երկրի ուսումնական հաստատությունները, մանկավարժները և սովորող ՀՀ քաղաքացիներն ունենալու են մանկավարժահոգեբանական աջակցության կարիք. ձեր մասնագիտության պահանջը մեծ է լինելու։ Երբեմն ցավով ենք նշում, որ մեր տրամադրած ծառայության կարիքը տարեցտարի մեծանում է, սակայն գործընթացը պետք է լայն դիտարկել: Վստահ եմ՝ ուսումնառության ընթացքում յուրացրած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները միտված կլինեն ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև յուրաքանչյուր սովորողի աջակցմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Շրջանավարտներին շնորհավորել են նաև ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչները, դասախոսները։ ՀՊՄՀ պրոռեկտոր, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դոցենտ Մարիաննա Հարությունյանը հույս է հայտնել, որ հատուկ մանկավարժները հաջողություններ կգրանցեն մասնագիտական ոլորտում և բարձր կպահեն բուհի պատիվը։

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետն այս տարի ունի 123 շրջանավարտ՝ 39 բակալավր, 46 մագիստրոս, ինչպես նաև հեռակա ուսուցման համակարգի 38 շրջանավարտ: Բուհը գերազանցությամբ ավարտել են ֆակուլտետի 47 ուսանողներ:

Միջոցառման շրջանակում ավարտական դիպլոմներ են հանձնվել նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներին:

Արաքսիա Սվաջյան