ԳլխավորԼուր

«Արթիկ» ՔԿՀ-ում 22-ամյա կալանավոր է մահացել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը հունվարի 31-ի ժամը 11:15-ի սահմաններում ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում իր հարցերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

«Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի բուժաշխատողի կողմից փորձ է արվել ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչվել է շտապօգնություն: Շտապօգնության աշխատակիցները ևս փորձել են ցուցաբերել բուժօգնություն, սակայն ժամը 11:50-ի սահմաններում վերջիններիս կողմից արձանագրվել է Ռ. Ք.-ի կենսաբանական մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: