ԳլխավորԼուր

Հունիսի 1-ը՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Երեխաների աջակցման կենտրոն» հիմնադրամի  և հիմնարկի սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Արևի նման նայենք աշխարհին» խորագրով միջոցառում, որն ուղեկցվել է ՔԿՀ-ում պահվող անչափահաս կալանավորված անձանց հանրակրթական վերջին զանգով։

Բացման խոսքով հանդես է եկել ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ձոնիկ Մարգարյանը։

Հունիսի 1-ի, ինչպես նաև շրջանավարտ կալանավորված անձանց վերջին զանգի կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել «Աբովյան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանը, հիմնադրամի տնօրեն, հայոց պատմության ուսուցիչ Կամո Առաքելյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Դանիելյանը։

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը «Աբովյան» ՔԿՀ-ին է հանձնել «Ճանապարհային երթևկության անվտանգության կանոնները մեր կյանքում» գրքույկները և «Երթևեկենք անվտանգ» սեղանի խաղը։

Միջոցառմանը կազմակերպվել էր նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են ՔԿՀ-ի շրջանավարտների ձեռքի՝ գեղեցիկ և ուշագրավ աշխատանքները։

Հիմնարկի պետ Արմեն Մարտիրոսյանը միջոցառման ավարտին անչափահաս կալանավորված անձանց և մայրերի հետ հիմնարկում գտնվող մանկահասակ երեխաներին հանձնել է նվերներ՝ գրենական պիտույքներ, մանկական խաղալիքներ և քաղցրավենիքներով փաթեթներ։