ԳլխավորԼուր

Ամերիկացի ուսանողը Մոսկվայում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Ամերիկացի ուսանող Թրեվոր Ռիդ

Մոսկվայի Գոլովինյան դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել ուսանող, ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչ Թրեվոր Ռիդին՝ անցած ամառ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Դատարանը Ռիդին մեղավոր է ճանաչել ՌԴ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր  բռնության կիրառում», առավելագույն պատժաչափը՝ 10 տարվա ազատազրկում)։

Ուսանողը պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ռիդը, ժամանակավորապես բնակվելով Մոսկվայում, 2019-ի օգոստոսին փողոցում վիճաբանել է 2 կնոջ հետ, ապա վիճաբանությունը շարունակել դեպքի վայր ժամանած պարեկապահակային ծառայության աշխատակիցների հետ։

Իրավապահները որոշել են նրան ոստիկանության բաժանմունք տանել։ Ճանապարհին Ռիդը հարվածել է ոստիկաններից մեկին, ապա հարձակվել վարորդի վրա՝ ստեղծելով վթարային իրավիճակ։

Հանցանքի պահին ուսանողը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Դատավճռի հրապարակումից առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, նա երդվել է այլեւս օղի չխմել։

Comment here