ԱրվեստԳլխավոր

Գողերը, արվեստագետն ու կինոն. Փարաջանովի ծննդյան օրն է

Սերգեյ Փարաջանով

Հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Հովսեփի Փարաջանյան, 9.01.1924-20.07.1990) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք հատված ազգագրագետ, Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում նկարահանված Լևոն Աբրահամյանի հուշերից՝ հրապարակված kinoashkharh.am կայքում։

***

Փարաջանովի վիճակը բանտում մի քիչ լավացել էր։ Բանտում նստած հայտնի գողերից մեկը սկսել էր նրան հովանավորել այն օրվանից հետո, երբ Փարաջանովը նրա համար գլխարկ էր ճարել. ընկերներն էին ուղարկել նրան։ Գլխարկը մեծ էր, գողն էլ՝ նիհար։ Գլխարկն ընկնում էր աչքերին։ Ես պատկերացնում եմ, թե ինչպե՜ս էր նկարելու Փարաջանովն այդ գողի սերը։ Գողի ատամները փչացել են. տանում են ատամնաբույժի մոտ։ Ատամնաբույժը կին է. նրանք սիրահարվում են առաջին հայացքից։ Կինը միշտ սպասում է, թե երբ է վերջապես իր սիրեցյալն ազատվելու բանտից։ Գողը Փարաջանովից վարդի պատկերներով բացիկներ է խնդրում։ Ընկերները բացիկներն ուղարկում են Փարաջանովին, նա էլ դրանք տալիս է գողին։

Ատամնաբույժն այդ բացիկները փակցնում է այն սենյակի պատերին, որտեղ նրանք պիտի ապրեին։ Իսկ կինը պատասխան նամակներում ամեն անգամ ուղարկում է նաև իր մազերից մի փունջ։ Գողն էլ իր բարձն այդ մազափնջերով է լցնում։ Նա Փարաջանովին ցույց էր տվել այդ բարձը։ Պատկերացնում եմ՝ եթե Փարաջանովը նկարեր այս բոլորը, ի՜նչ կադրեր, ի՜նչ ֆիլմ էր լինելու։

Գալիս է գողի բանտից ազատվելու օրը։ Նա իր մեծ գլխարկով դուրս է գալիս դռնից։ Մյուս բանտարկյալները, նրանց հետ և Փարաջանովը, պատուհանից տեսնում են, որ շտապօգնության մեքենայով կինը գալիս է, իջնում։ Գողը մինչև քիթը հասնող գլխարկը բարձրացնում է, համբուրում կնոջը, նստում մեքենան ու գնում։

Մի պատմություն էլ կա մեկ այլ գողի մասին, որը շատ ծանր կյանք է ունեցել։ Փարաջանովը մի անգամ հարցնում է նրան. «Ի՞նչն է ամենից շատ տպավորվել քո կյանքում»։ Գողի պատասխանը շատ հետաքրքրիր, փարաջանովյան է լինում։ Պատմում է.

«Պատերազմի տարիներն են. ես երիտասարդ եմ։ Սոված եմ. գնացքով անցնում եմ Սիբիրով։ Գնացքում մի մեծ ճամպրուկ կա. ենթադրեցի, որ մեջն ուտելիք կլինի, գողանամ-ուտեմ։ Գողանում եմ ճամպրուկն ու պատուհանից դուրս գցում։ Ֆոտոհիշողությամբ մտապահում եմ, թե որտեղ ընկավ ճամպրուկը, ու կյանքիս գնով ինձ  գնացքից դուրս եմ նետում։ Ձնաշաղախ, ինքնամոռաց գլորվելով՝ հասնում եմ ճամպրուկին։ Ու հենց այդտեղ տեսնում եմ գեղեցկությունը. ճերմակ ձյան վրա  թափվել է մի ամբողջ ճամպրուկ լոռամրգի՝ ձյունը կարմիր ներկելով։ Ահա իմ կյանքի ամենատպավորիչ պահը»։

Փարաջանովի ֆիլմն ահա այսպիսի պատմություններ էր ունենալու, բայց սցենարում դրանք չկային. նա չէր գրել։ Իլենկոն շատ ճշգրտորեն էր նկարել սցենարը, բայց ֆիլմը չէր հուզում։ Եթե ես լսած չլինեի Փարաջանովից այս պատմությունները, միգուցե Իլենկոյի նկարած ֆիլմն ինձ դուր գար, բայց Ռուդոլֆ Խաչատրյանի արվեստանոցում նա պատմել էր ավելին, ու մենք այլ պատկերացում ունեինք նրա ֆիլմերի մասին։

Մի ուրիշ պատմություն էլ եմ հիշում։ Քանի որ Փարաջանովը նստած էր վտանգավոր հանցագործների հետ. դա հատուկ զոնա էր, որտեղ կրկնահանցագործներն էին։ Այնտեղ եղել է մեկը,  մականունը՝ Ցիրկուլ. մի ոտքը չկար։ Ցիրկուլը մարդասպան էր, Ուկրաինայում կինոթատրոն էր հրդեհել, ինչի պատճառով մարդիկ էին զոհվել։ Զատկի տոնին ընդառաջ՝  տեղի փոքրիկ եկեղեցու գմբեթը բանտարկյալները ներկում են: Փարաջանովն ու Ցիրկուլն էլ են ներկում։ Գյուղի կանայք, որպես շնորհակալություն, Զատկի տոնին փշալարերից ներս ներկած ձվեր են  շպրտում։ Այսպիսի գեղեցիկ կադրեր կարող էր նկարել Փարաջանովը, եթե նկարեր։

***

Ռուդոլֆ Խաչատրյանի արվեստանոցում մենք ուշադիր լսում էինք նրա բանտային պատմությունները, սցենարներն ու պարզ տեսնում  էինք այդ ֆիլմերը։ Բայց դրանք  նա այդպես էլ չնկարեց։ Ասում էր, որ այդ ֆիլմերի սցենարները տվել է Տոնինո Գուերային. ինչպես ուզում է, թող նկարի։ Իսկ Գուերան ասել էր. «Սրանք միան դու կարող ես նկարել, որովհետև այստեղ գործողությունները կարծես լուսնի վրա կատարվելիս լինեն։ Ես չեմ կարող հասկանալ»։ Չնայած Տոնինո Գուերան նացիստական ճամբարներում է ապրել ու լավ պատկերացնում էր, թե ինչ է ուզում Փարաջանովը, այնպիսի սարսափելի բաներ են գրված եղել սցենարներում, որ նա հրաժարվել է նկարել։

***

Իր վերջին ֆիլմի վրա նկարահանման հրապարակում Փարաջանովն աշխատեց ընդամենը 2  օր. առողջությունը կտրուկ վատացավ, մի թոքը հեռացրին։ Փարաջանովն այլևս չնկարեց, բայց այդ 2 օրվա նկարահանած կադրերը նրա գանձերի շարքում են։

Comment here