ԳլխավորԼուր

Բացվել է Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի հուշատախտակը

Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։

Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հուշատախտակի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի, արվեստի, գրական ոլորտների անվանի գործիչներ, Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի արվեստի երկրպագուներ:

Արա Խզմալյանի նշմամբ՝ անգնահատելի է Երվանդ Ղազանչյանի դերն ու վաստակը հայ թատրոնի պատմության մեջ, ինչի մասին խոսվել և դեռ խոսելու են սերունդները: Վերհիշելով Ղազանչյանի հետ վերջին հանդիպումը՝ նախարարի տեղակալն ասել է. «Արդեն ակնհայտ խնդիրներով, բայց շիտակ մեջքով, ժպիտը դեմքին, տանտիրոջ պես ընդունեց բոլորին Պարոնյանի անվան թատրոնում, մինչև վերջ մնաց բոլորի հետ, խոսք ասաց, խոսք լսեց… Նա հիշողությանս մեջ մնաց ուժեղ, կենսասեր անձի կերպար, ինչպիսին որ կար կյանքում»:

Խոսելով Գալյա Նովենցի մասին՝ Արա Խզմալյանն ընդգծել է, որ նա բոլոր ժամանակներում կմնա ամենասիրելի արտիստներից մեկը. «Այն էմոցիաները և զգացմունքները՝ ազգային, մարդկային, գեղագիտական, որ ունեցել ենք կինոմատոգրաֆում և բեմում Գալյա Նովենցին տեսնելիս, նրա ամենամեծ արժևորումն ու նշանավորումն են»:

Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի մասին հիշատակի խոսքով հանդես են եկել նրանց որդին՝ Հակոբ Ղազանչյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը՝ անվանի արվեստագետների կյանքի ու գործունեության մասին հիշողություն դարձած պատմությունները՝ որպես ուղերձ, փոխանցելով երիտասարդ սերնդին:

Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի միասնական հուշատախտակի հեղինակներն են ճարտարապետ Վարդան Հարությունյանը և քանդակագործ Արմենակ Համբարձումյանը: