ԳլխավորԼուր

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։

Հուշատախտակի բացմամբ ազդարարվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. նախաձեռնությունն իրականցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Լայպցիգի քաղաքապետարանի, Լայպցիգի Հայ Մշակութային Միության և Երևանի Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը«Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակի ճարտարապետ-դիզայները Հակոբ Իսկուդարյանն է, քանդակագործը՝ Ռուբեն Նալբանդյանը: Հուշատախտակում ներկայացված է տեղեկություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին, ինչը նաև փաստական վկայություն է առ այն, որ Ավետիք Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից: Հուշատախտակին ամրացված է Գյումրիի սև տուֆը, որը շատ էր սիրում Իսահակյանը, և իր երևանյան տունը ևս կառուցված է այդ տուֆից: Հուշատախտակի վրա կա նաև QR կոդ, որի միջոցով այցելուները կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews