ԳլխավորԽոսք

Դպրոցը կանգնելու է մասնագիտասով աղետի առջև. Կարին Տոնոյան

ՀՀ-ում շուտով, իսկ ավելի շուտ հիմա արդեն կա որակյալ ուսուցիչների ահանգնացող անբավություն, իսկ մի քանի տարի հետո դպրոցը կկանգնի ուղղակի անլուծելի խնդիրների առջև, ֆեսբուքյան էջում գրել է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը։

«Որո՞նք են պատճառները. ուսուցչի աշխատավարձի վիրավորական ցածրությունը, նրա վիճակի անտեսումը պետական մակարդակով, բացի դրանից, բուհերի քննական պահանջի արհեստական տարանջատումը հանրակրթական ծրագրերի վերջնարդյունքից և արհեստականորեն կրկնուսույցի պահանջի ձևավորումը բերեցին մի ողբալի արդյունքի՝ դպրոցի ուսուցչի նկատմամբ հասարակության մեջ ձևավորվեց երկրորդայնության համարում, օրեցօր նվազեց հարգանքն ու վստահությունը, այս ամենն իրենց հերթին հանգեցրին մանկավարժական բուհ դիմողների, իսկ նրանցից էլ՝ ընտրության հնարավորության նվազմանը: Արդյունքում մանկավարժական կրթություն ստացածների միայն մի մասը ցանկություն հայտնեց զբաղվել մանկավարժությամբ, իսկ ցանկություն հայտնողների մի մասն էլ հեռու էին մանկավարժությունից այնքան, որ նրանց ավելի շուտ պետք էր հեռու պահել դպրոցից, քան ընդունել այստեղ աշխատանքի։

Իհարկե, պիտի այստեղ շեշտեմ նաև, որ երիտասարդ մանկավարժների մեջ քիչ չեղան այնպիսիք, որ նոր շունչ ու որակ բերեցին դպրոց, բայց նրանց էլ դպրոցի առաջարկած, մեղմ ասած, աղքատիկ պայմանները հարկադրեցին փնտրել այլ աշխատանք, շտապել հեռանալ դպրոցից կամ ստիպված բավարարվել այսօրվա դպրոցի զարգացման աղքատիկ հնարավորություններով: Արդյունքում դպրոցն էլի մնաց միջին որակի հույսին, որը և պայմանավորեց հանրակրթության միջին, իսկ երբեմն անգամ ցածր մակարդակի ձևավորումը:

Եվ դպրոցը սկսեց «ծերանալ», դպրոցում մնացին կամ տարեց նվիրյալ մանկավարժները, կամ այլ տարբերակ չունեցողները, դպրոցը զրկվեց մանկավարժի ընտրության հնարավորությունից և սկսեց բավարարվել՝ ում «կնշանակեն», կամ ում կգտնեն, իսկ երբեմն էլ նույնիսկ ով կկարողանա «վճարել» սկզբունքով։ Կտրվեց մասնագիտական սերնդափոխության ներդաշնակությունը…

30 տարի ոչինչ չարեցինք դիմագրավելու այս մարտահրավերներին, և այսօր դպրոցներում մանակավարժասով է հատկապես բնագիտական առարկաների ոլորտում. ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցիչներին բառիս բուն իմաստով կուլ է տալիս ծրագրավորման ոլորտը։

Բացի այս ամենից նաև լրջագույն խնդիր է դպրոցի «կանացիացումը». տղամարդ ուսուցիչների բացակայությունը դպրոցից ձևախեղում է թե՛ տղաների, թե՛ աղջիկների դաստիարակությունը, և այլն, և այլն…

Շա՜տ բան կարելի է գրել, համոզված եմ ամեն մի մանկավարժ կտասնապատկի այս գրածս, բայց…..

Ի՞նչ է լինելու հետո, ասենք մի 5-10 տարի հետո, երբ դպրոցից կհեռանան նաև արդեն ծերացած ուսուցիչները։

Համոզված եմ՝ դպրոցը կանգնելու է մասնագիտասով աղետի առջև։

Այս ամենից կա միայն մի ելք՝ մանկավարժը պիտի դառնա պետության կողմից ամենակարևորված անձը, և նրա նկատմամբ պետությունը պետք է ունենա ամենամեծ պահանջները:

Անկախացումից ի վեր մենք զբաղվեցինք և այսօր էլ զբաղվում ենք միայն կրթական կարկատանապաշտությամբ և ոչ ազգային և ժամանակակից կրթական համակարգ ստեղծելով, որում առանցքային դերը պիտի կատարի մանկավարժը, որպես պետության 1-ին պաշտոնյա:

Կառուցեք ամենաշքեղ դպրոցները, զինեք այն ամենաժամանակակից միջոցներով, միևնույն է՝ դպրոցը նախ մանկավարժն է, մանկավարժապաշտ և լավագույն գիտելիքներով ու հմտություններով օժտված մանկավարժը:

Այսօրվա մեր պարտությունն ու պետականաշինության տապալման, ժողովրդի մտածողության մակարդակի այսպիսի վիճակի գլխավոր մեղքը 30 տարում դպրոցի նկատմամբ նման անթուլատրելի վերաբերմունքն է»,-գրել է Կարին Տոնոյանը: