ԳլխավորԿրթություն

Երեխաների 15-20 տոկոսը դուրս է մնում հեռավար ուսուցման շրջանակից. փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում է հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին՝ շաբաթ օրերին, դասեր կազմակերպելու հարցը:

Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարը նշեց, որ դա կախված է նրանից, թե ինչ ուսումնական վիճակ կլինի տարվա ընթացքում և ինչքանով հեռավար ուսուցմամբ գործընթացը ծածկած կլինի ուսումնական տարվա ամբողջ ծավալը:

Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներին՝ նա հիշեցրեց, որ դրանք ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և արդեն իսկ էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա:

«Բազմիցս հայտարարել ենք՝ իրավիճակն այնպիսին է, որ, անկախ մեր ոգևորվածությունից, պատրաստակամությունից, տեխնիկական սարքերի, ինտերնետային կապի հասանելիության պատճառով երեխաների մի մեծ խումբ դուրս է մնում  հեռավար ուսուցման շրջանակից: Խոսքը ամբողջ հանրապետությունում աշակերտների 15-20 տոկոսի մասին է: Մենք խոսում ենք հանրակրթության մասին, որը պարտադիր է բոլորի համար, հետևաբար որոշումները, որոնք կայացնում ենք, պետք է ելնեն բոլոր աշակերտների շահերից»,-ընդգծեց փոխնախարարը:

Հեռավար եղանակով ուսուցումը շարունակվելու է մինչև ուսումնական տարվա ավարտը. հնգօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 22-ը, իսկ վեցօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝  մինչև մայիսի 23-ը:

Comment here