Երբ առաջացավ այս ճգնաժամային իրավիճակը, ակնհայտ էր, որ շատ մարդիկ չեն կարողանալու վճարել կոմունալ վճարները: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ վճարների հետ կապված խնդրին:
«Մենք սկզբում հայտարարեցինք, որ արտակարգ դրության ընթացքում վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, բայց այդ ժամանակ հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց այդպես չեղավ:
Զարգացավ այնպիսի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, որոնք հնարավորություն չունեն, այլ նաեւ նրանք, որոնք հնարավորություն ունեն: Մենք տեսանք, որ նաեւ հարուստ մարդիկ սկսել են չվճարել, որի պատճառն այն է, որ կառավարությունն ասել է, որ անջատումներ չեն լինելու: Փաստորեն բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց մատակարարներին ու աշխատողներին, չեն կարողանում վճարել հարկեր:
Դրա հետեւանքով առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակներ ու նպաստներ: Բայց ամենակարեւոր ռիսկն այն է, որ համակարգը կարող է քանդվել: Այսինքն կարող է խոսք լինել ոչ թե 5 հազար, 10 հազար մարդու հոսանքն անջատելու մասին, այլ ընդհանրապես էներգետիկ համակարգը չաշխատի: Հետեւաբար, գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ ընտրությունը ոչ թե նրա մեջ է, որ հազար կամ 5 հազար քաղաքացու հոսանքն անջատենք, թե չանջատենք, այլ նրա մեջ է՝ երկրում հոսանք ընդհանրապես լինելու է, թե չի լինելու»,-ասաց Փաշինյանը:
Այդ որոշումից հետո մի քանի օրվա ընթացքում 7 մլրդ դրամին մոտիկ վճարումներ են եղել համակարգ.
Վարչապետը նաեւ նշեց. «Հայաստանում կա 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդ եւ 623 հազար գազի բաժանորդ: Այս պահի դրությամբ անջատվել է 4300 էլեկտրաէներգիայի բաժանորդների հոսանք եւ 736 գազի բաժանորդների մատակարարումը: Ընդ որում, էլեկտրաէներգիայի անջատումների բաժանորդների պարտքը կազմում է 30 հազարից ավելի, իսկ գազի սպառողների պարագայում՝ 80 հազարից ավելի»:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։