Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ի ուշ երեկոյան կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:
Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:
Հավելենք, որ նույնպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:
Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:
Comment here
You must be logged in to post a comment.