ԳլխավորԿրթություն

Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու

Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին  այսօր՝ օգոստոսի 18-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Այստեղ բոլորս պետք է աշխատենք և բացատրենք ծնողներին աշակերտների՝ դիմակներ կրելու անհրաժեշտությունը, որովհետև այս սահմանափակումների թեթևացման պայմաններում դիմակը տարածման կանխարգելման ամենալավ միջոցն է»,- ասել է նախարարը։

Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ նախատեսում են դասարանների՝ մեծ լինելու պարագայում, դրանք կիսել, որպեսզի հնարավոր  լինի ապահովել սոցիալական հեռավորությունը։
Նախատեսված է նաեւ թեթեւացնել դասացուցակը, փոխարենը աշակերտները 5 օրվա փոխարեն շաբաթը 6 օր դպրոց կգնան։

«Առաջանալու է նաև սննդի խնդիր։ Ճաշարաններն ու բուֆետները չեն գործելու և մենք որոշ լուծումներ ենք փորձում այստեղ գտնել, բայց լուծումներից մեկն էլ այն է, որ երեխան որքան քիչ դպրոցում ժամանակ անցկացնի, այնքան սննդի մատակարարման անհրաժեշտությունը կնվազի»,- ասել է նա։

Լրագրողի հարցին՝ դպրոցները հնարավորություն ունե՞ն, որպեսզի, օրինակ 30 աշակերտ ունեցող դասարաները երկու մասի բաժանվեն, Արայիկ Հարությունյանը պատասխանել է՝ այն դեպքում, երբ նման իրավիճակ կառաջանա, երկհերթ կանցկացվեն դասերը։

Այս միջոցառումները կիրառվելու են թե՛ պետական, թե՛ մասնավոր դպրոցներում։ Անդրադառնալով բուհերին, Արայիկ Հարությունյանը նշել է.

«Որոշում կայացվեց, որ ավելի փոքր թվով ուսանողներով սկսվեն դասերը, որպեսզի բուհերն այդ ընթացքում թերությունները շտկեն, որ ավելի մեծ թվով ուսանողներ հաճախելու դեպքում արդեն ընտելացած լինեն այդ նոր իրավիճակին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին բուհերը կբացեն իրենց դռները միայն բակալավրիատի առաջին կուրսերի ուսանողների համար։

Comment here