Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է «Արթիկը»՝ եզրափակչում 95:86 հաշվով առավելության հասնելով «Ուրարտուի» նկատմամբ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Արթիկ» թիմի խաղացող Խավիեր Ուոմաքը: Նա վաստակել է 24 միավոր, 6 անգամ կատարել արդյունավետ փոխանցում և 22 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
Երրորդ տեղի համար խաղում էլ ուժեղ են գտնվել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք «Դվինի» դեմ ողջ հանդիպման ընթացում զիջում էին մրցակցին, սակայն վերջնամասում կամային որակների շնորհիվ ընդամենը 3 միավորի տարբերությամբ առավելության հասան մրցակցի նկատմամբ՝ 94:91:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստի կոչմանն արժանացել է ԲԿՄԱ թիմի խաղացող Յուրա Մելիքյանը: Նա վաստակել է 19 միավոր, 5 անգամ կատարել արդյունավետ փոխանցում, 21 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
Մրցաշարի ամենաարժեքավոր բասկետբոլիստը Դավիթ Խաչատրյանն է («Արթիկ»), մարզիչը՝ Գոռ Մովսիսյանը («Արթիկ»), լավագույն երիտասարդ բասկետբոլիստը՝ Հայկ Կարախանյանը («Արթիկ»), լավագույն հայ բասկետբոլիստը և լավագույն խաղարկողը՝ Դանիիլ Գևորգյանը («Ուրարտու»):
Ա-լիգայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ Գոռ Մովսիսյանը, որն «Արթիկի» հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսը, նշում է՝ թիմային անտրտունջ աշխատանքի ու երկրպագուների աջակցության շնորհիվ են իրենք կարողացել լավ մրցաշրջան անցկացնել:
Ավելի վաղ «Արթիկը» նվաճել էր նաև Հայաստանի սուպերգավաթը:
