ԳլխավորԼուր

Գարիկ Կարապետյանն աշխարհի ռեկորդ է սահմանել ու դարձել Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն

Ծանրորդ Գարիկ Կարապետյան

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ23 Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշային պայքարում ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան Գարիկ Կարապետյանը դարձել է մրցաշարի հաղթող և սահմանել է աշխարհի ռեկորդ։

Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել է 181կգ ծանրաձող՝  նվաճելով փոքր ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 205 կգ ծանրաձողը՝ կրկին նվաճելով փոքր ոսկին։ Երկամարտում Կարապետյանը գրանցել է 386 կգ արդյունք։

Հիշեցնենք՝ Մ23 տարեկանների պայքարում ավելի վաղ երկամարտի ոսկե մեդալներին արժանացել են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Գառնիկ Չոլակյանը (61 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:

Մինչև 20 տարեկանների պայքարում էլ Սուրեն Գրիգորյանը (89 կգ) նվաճել էր ոսկե մեդալ, Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ)նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը: