ԳլխավորԼուր

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Սուրեն Գրիգորյանը՝ ոսկե, Էմմա Պողոսյանը՝ արծաթե մեդալակիր

Ծանրորդ Սուրեն Գրիգորյան

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մինչև 20 տարեկանների պայքարում Եվրոպայի առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Սուրեն Գրիգորյանը (89 կգ)` երկամարտում ցույց տալով 341 կգ արդյունք (150+191): Հրում վարժությունում Գրիգորյանն արժանացել է փոքր ոսկե, իսկ պոկում վարժությունում՝ փոքր արծաթե մեդալների:

Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը (81 կգ) երկամարտի 221 կգ (90+121) արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղն ու դարձել արծաթե մեդալակիր։ Պոկում և հրում վարժություններում ևս Պողոսյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել: Ի դեպ, բրոնզե մեդալը նվաճած շվեդ մարզուհուն Պողոսյանը երկամարտում գերազանցել է 38 կգ արդյունքով, իսկ չեմպիոնի կոչումը նվաճած վրաց մարզուհուն զիջել 8 կգ-ով:

Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում (արխիվ)

Հիշեցնենք՝ Մ23 տարեկանների պայքարում ավելի վաղ երկամարտի ոսկե մեդալներին արժանացել են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Գառնիկ Չոլակյանը (61 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:

Մինչև 20 տարեկանների պայքարում էլ Տիգրան Կարապետյանը (67 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը: