Օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Այս տարի Համահայկական ամառային 8-րդ խաղերին շուրջ 7000 մարդ կմասնակցի, իսկ հյուրերի թիվը կհասնի տասը հազարի։ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ, Համահայկական 8-րդ խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շահբազյանի խոսքով՝ գրանցվել է շուրջ 170 թիմ.
«Ամենաշատ թիմերը գրանցվել են ֆուտզալ մարզաձևում՝ 48 երկիր, բասկետբոլում և ֆուտբոլում՝ հավասարաչափ՝ 28-ական։ Բավականին շատ մասնակիցներ ունենք, և կարծում եմ՝ սա ռեկորդային թիվ է»:
Այս տարի առաջին անգամ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կհյուրընկալեն Սաուդյան Արաբիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Ամենաշատ հայտ ներկայացվել է Ռուսաստանից և Վրաստանից։ Դիմել են նաև անհատական սպորտաձևերի համար, ինչպիսիք են՝ լողը, գոլֆը, շախմատը: Այս տարի մասնակիցների թվում կան նաև 10-15 տարեկան երեխաներ։ Նրանք հիմնականում մասնակցելու են շախմատի և լողի մրցումներին։
Օրերս էլ Գյումրու Շախմատի տանը տեղի է ունեցել Խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի մասնակիցները խաղային տարբեր մարզաձևերում կմրցեն հարմարավետ, միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններում։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մասնակիցներին համակարգված աշխատանքով կդիմավորեն ու ամբողջ ընթացքում կուղեկցեն համահայկական խաղերի կամավորները։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում:
«Միասնություն սպորտով» կարգախոսով միջոցառման մեկնարկը նախատեսված է ժամը 21:00-ին:

