ԳլխավորԼուր

Մեր ապագան կախված է ձեզանից․ Զարեհ Սինանյանը՝ երիտասարդներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Օգոստոսի մեկին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

«Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո իրականացվող եռօրյա համաժողովին մասնակցում են 50-ից ավելի երկրներից ժամանած 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից: Համաժողովին հրավիրված են նաև 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից:

Համաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքի հայ երիտասարդությանը մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացին, կապեր հաստատելու և հզորացնելու միմյանց, ինչպես նաև ոգևորելու ընդլայնել իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում։

«Համաժողովը պետականակենտրոն մտածողությամբ այն հայ  երիտասարդների համար է, որոնք կապված են իրենց հայրենիքին, մշակույթին, արմատներին և նվիրված հայկական շահերի պաշտպանությանը և Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Ուրախ ենք, որ համաժողովին մասնակցում են երիտասարդներ, որոնք պատրաստակամ են պետականաշինության բոլոր գործընթացներում համագործակցել և ի նպաստ հայրենիքի ներդնել համաերիտասարդական-համահայկական ներուժը»,-բացման խոսքում նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա նաև ընդգծել է, որ համաժողովը միտված է երիտասարդների փոխճանաչելիության և փոխգործակցության բարձրացմանը, առկա համակողմանի խնդիրների բարձրաձայնմանը, դրանց լուծման ուղղությամբ համակարգված աշխատանքին, անձնական փորձը, գիտելիքն ու կարողությունները թիրախավորված ներդնելու հնարավորությունների վերհանմանը:

Տեսաուղերձով երիտասարդներին են ողջունել նաև հայազգի հանրահայտ երգիչներ Սերժ Թանկյանը և Ռոզա Լինը, ինչպես նաև աշխարհահռչակ թենիսիստ Կարեն Խաչանովը:

Երևանում մեկնարկել է Առաջին Ազգային երիտասարդական համաժողովը
Երևանում մեկնարկել է Առաջին Ազգային երիտասարդական համաժողովը