ԳլխավորՄի կտոր գիրք

Գուրգեն Մահարի. «Այրվող այգեստաններ» (մտքեր)

Վան

Ներկայացնում ենք հատվածներ հայգրող, գրականագետ Գուրգեն Մահարու (1 օգոստոսի, 1903-17 հունիսի, 1969) «Այրվող այգեստաններ» վեպից։

***

• Քանի՞ անգամ Արևմտյան Հայաստանում հազարավոր զոհերի արյան և վառվող գյուղերի ու քաղաքների հրի միջից փողփողեց տագնապի դրոշ, իսկ Եվրոպան… Այդ քաղաքակիրթ Եվրոպան բավականացավ միայն հոդվածներ և լուսանկարներ տպելով:

• Այն ժողովուրդը, որը շատ է խոսում մեռնելով հաղթելու մասին, կմեռնի, բայց չի հաղթի:

• Արյունով սկսեցին իրենց գործը, իսկ արյունով սկսած գործը միայն արյունով կվերջանա։

• Տանտիրուհին սպասեց, մինչև հյուրը հեռացավ, հետո միայն դուռը փակեց: Ցանկալի հյուրը չպետք է լսի իր հետևից փակվող դռան ձայնը: Տհաճ հյուրը, դեռ ոտքը դռան շեմքից չքաշած, դուռը փակում են:

• Առանց կարգապահության և գաղտնապահության հեղափոխություն չկա: Եվ առանց արյան հեղափոխություն չկա: Կորչի անարյուն հեղափոխությունը:

• —Էս էլ էսպե՛ս,—լռությունը խզեց պարոն Իշխանը:
—Աս ալ ասանկ,—թարգմանեց պարոն Գևորգը:

• —Ջանը՛մ,—ձայնը բարձրացրեց նախկին ուսուցիչը և այժմյան գործիչը,—ճաշարանի տերը՝ հայ, հաճախորդները՝ հայեր, չալկջիներ՝ հայեր, ինչու՞ թուրքերեն կերգեն…։

• Գործիչներից և փորձիչներից շատերը նահատակվեցին հայրենիքի համար՝ հայրենիքը չտեսած: Հրաշք բան: Դեռ արձանագրված չէ մարդկային պատմության մեջ մի դեպք, որ մի երիտասարդ սպանվի կամ ինքնասպանություն գործի իր սիրած աղջկա համար, որի դեմքը չի տեսել։

• Նստեր են Ժնև, երկար գավազանը պարզեր են Թուրքիա, օձի բունի հետ կխաղան։

• Աշխարհին չի կարելի տիրանալ ատելությամբ, աղաջրով ու նավթով չի կարելի ծաղիկներ հասցնել, ծաղիկները չեն ծաղկում նահատակների ու նահատակված ժողովուրդների դագաղներն ու գերեզմանները զարդարելու համար։

• Դու գիտե՞ս ինչ բան է Էյֆելյան աշտարակը, գիշերային կաբարենե՞րը, փարիզյան Մայր տաճա՞րը, իսկ ես այպիսի հնացած վանքերն ավելի եմ սիրում…Գոնե այսօր, հիմա… Իսկ Ստամբուլում ի~նչ շքեզ մզկիթներ կան…
—Հայերն են շինել;
—Ուրեմն ի՞նչ է պարզվում, երբ հայը շինում է ուրիշի համար, նրա կառուցածը մնում է, իսկ երբ իրն է կառուցում, վերածնվում են ավերակների… Ո՞վ է այդպես դասավորել…
—Ո՞վ է դասավորել,—պատմությունը, աշխարհագրությունը, կրոնը և նման տարրական «առարկաներ», որոնք ոչ թե դպրոցական առարկաներ են, այլ… ազգային սև ճակատագիր:

• Թուրքը չի երգում, գործի ժամանակ ի՞նչ երգ, նա գործ է անում, նա կոտորում է: Հայն է կոտորվում ու մեռնում երգելով:

• Աշխարհում ուժի օրենքն է տիրում, և չկան երջանիկ հպատակներ և չկան արդար տիրողներ: Մտրակը մտրակ է, անգամ եթե նրա կոթը ոսկեջրած լինի:

• «Ես երգելով կուզեմ մեռնիլ…». մահի, մեռնելու այս անօրինակ պրոպագանդը. կարծես մարդիկ նետվել են մեծ գործի ոչ թե նրա համար, որ ապրեն պայծառ, լիարժեք կյանքով, այլ որպեսզի մեռնեն, անպայման մեռնեն, այլապես, առանց մեռնելու ի՞նչ հեղափոխություն… Չէ՛, պետք է բարձր լինի հեղափոխական ոգու ջերմաստիճանը, գոնե առնվազն… թափվող արյան ջերմության համաչափ: Այնքան մեծ է այս անպայման մեռնելու, անպայման նահատակվելու մոլուցքը, որ մարդիկ անկարող են թարգ տալ մեռնելու սովորությանը մինչև անգամ այն դեպքում, երբ նրանք արդեն հասել են իրենց նպատակին, այսինքն՝ երբ արդեն պետք է ոչ թե մեռնել, այլ ապրել, երբ այլևս կարիք չկա ախ ու վախ անելու Հայաստանի համար: Իսկ հեղափոխությո՞ւնը, հեղափոխությո՞ւնը… չէ՞ որ այդպիսով կվերջանա հեղափոխությունը…
Ու երգվում են այսպիսի երգեր.

Նպատակիս հասնեմ միայն,
Թող զիս հանեն կախաղան,
Կախաղանից խեղդուկ ձայնով
Պիտի գոչեմ.—«Ախ, Հայաստան…»:

Ի~նչ ահավոր սովորություն, մեռնելու սովորություն: Ազատություն ձեռք բերելուց հետո էլ մարդիկ պատրաստ են կախաղան բարձրանալ, որպեսզի հնարավորություն ունենան կախաղանի բարձունքից գոչելու. «Ախ, Հայաստան»…