ԳլխավորՄի կտոր գիրք

«Փոքրիկ իշխանը». Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել, – ասաց թագավորը: – Ես քեզ արգելում եմ հորանջել:

– Ես չկարողացա ինձ զսպել, – շփոթված ասաց Փոքրիկ իշխանը: – Ես երկար ճանապարհ եմ անցել և բոլորովին չեմ քնել…

– Որ այդպես է, ես քեզ հրամայում եմ հորանջել. – ասաց թագավորը: – Ես շատ վաղուց է, որ չեմ տեսել, թե ինչպես ես հորանջում: Ինձ համար դա նույնիսկ հետաքրքիր է: Այսպես ուրեմն, հորանջի′ր: Այդպես է իմ կամքը:

– Բայց… ես քաշվում եմ… ես այլևս չեմ կարող… – շշնջաց Փոքրիկ իշխանն ու ամբողջովին կարմրեց:

– Հըմ, հըմ… Այդ դեպքում… այդ դեպքում ես կարգադրում եմ մերթ հորանջել, մերթ…

Թագավորը շփոթվեց և նույնիսկ, կարծես թե, ջղայնացավ:

Չէ՞ որ թագավորի համար ամենակարևորն այն է, որ առանց խոսքի ենթարկվեն իրեն: Անհնազանդություն նա չէր հանդուրժի: Դա մի բացարձակ միապետ էր: Բայց նա շատ բարի էր, դրա համար էլ միայն խելացի հրամաններ էր տալիս:

«Եթե ես իմ գեներալին հրամայեմ ճայ դառնալ, – ասում էր թագավորը, – ու եթե գեներալը հրամանը չկատարի, դա ոչ թե նրա, այլ իմ հանցանքն է»:

– Կարելի՞ է նստել, – անհամարձակ ասաց Փոքրիկ իշխանը:

– Հրամայում եմ, նստի′ր, – պատասխանեց թագավորը և վեհապանծ շարժումով վեր քաշեց իր կնգումե պատմուճանի մի քղանցքը:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի (1900-1944)

Բայց Փոքրիկ իշխանը մի բան չէր կարողանում հասկանալ: Այսքան փոքր մոլորակի վրա ի՞նչ է կառավարում թագավորը:

– Ձերդ մեծություն, – սկսեց նա, – կարո՞ղ եմ մի հարց տալ…

– Հրամայում եմ, հարցրո′ւ, – շտապ ասաց թագավորը:

– Ձերդ մեծություն… դուք ի՞նչ եք կառավարում…

– Ամեն ինչ, – ուղղակի պատասխանեց թագավորը:

– Ամեն ի՞նչ…

Թագավորը, համեստորեն ձեռքը շարժելով, ցույց տվեց իր մոլորակը, ինչպես նաև մյուս մոլորակներն ու աստղերը:

– Եվ այս բոլորը դո՞ւք եք կառավարում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Այո, – պատասխանեց թագավորը:

Նա այդպես ասաց, որովհետև իրոք լիիրավ միապետ էր և ոչ մի սահման ու սահմանափակում չէր ճանաչում:

– Եվ աստղերը ձեզ ենթարկվո՞ւմ են, – հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Դե իհարկե, – պատասխանեց թագավորը: – Աստղերն անմիջապես ենթարկվում են. ես անհնազանդություն չեմ հանդուրժում:

Փոքրիկ իշխանը հիացած էր: Ա′յ, եթե ինքը նման հզորություն ունենար: Այն ժամանակ ոչ թե քառասունչորս, այլ յոթանասուներկու, նույնիսկ հարյուր անգամ կդիտեր վերջալույսը և այն էլ առանց աթոռը տեղից շարժելու:

Այստեղ նա նորից հիշեց իր լքված մոլորակը, տխրեց և սիրտ անելով՝ թագավորին խնդրեց.

– Ես կուզենայի վերջալույս տեսնել… խնդրում եմ, բարի լինեք հրամայել արևին, որ մայր մտնի…

– Եթե ես մի որևէ գեներալի հրամայեմ, որ թիթեռի նման ծաղկից ծաղիկ թռչի կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ գեներալը հրամանը չկատարի, ո՞վ կլինի մեղավորը՝ նա՞, թե՞ ես:

– Դուք, ձերդ մեծություն, – առանց տատանվելու պատասխանեց Փոքրիկ իշխանը:

– Միանգամայն ճիշտ է, – հաստատեց թագավորը: – Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի: Ես իրավունք ունեմ հնազանդություն պահանջելու, որովհետև իմ հրամանները խելացի են:

– Իսկ վերջալո՞ւյսը… – հիշեցրեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ նա հարցներ, այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար:

– Վերջալույս էլ կլինի, մի′ վախենա: Ես կպահանջեմ, որ արևը մայր մտնի: Բայց նախ կսպասեմ, որ դրա համար բարենպաստ պայմաններ լինեն, քանի որ դրանից է երևում, թե որքանով է իշխողը իմաստուն:

– Իսկ ե՞րբ բարենպաստ պայմաններ կլինեն, – ուզեց տեղեկանալ Փոքրիկ իշխանը:

– Հը՜մ… հը՜մ… – հաստափոր օրացույցը թերթելով՝ պատասխանեց արքան: – Դա կլինի… հըմ… հըմ… այսօր, դա կլինի ժամը յոթն անց քառասուն րոպեին: Այդ ժամանակ դու կտեսնես, թե որքան ճշգրիտ են կատարում իմ հրամանները:

Փոքրիկ իշխանը հորանջեց: Ափսոս, որ այստեղ վերջալույսը չեն կարող տեսնել երբ որ ցանկանաս: Եվ, ճիշտն ասած, նա արդեն սկսեց մի քիչ ձանձրանալ:

– Իմ գնալու ժամանակն է, – ասաց նա թագավորին: – Այլևս անելիք չունեմ ես այստեղ:

– Մնա, – ասաց թագավորը. նա շատ հպարտ էր, որ հպատակ է ձեռք գցել և չէր ուզում նրանից բաժանվել: – Մնա, ես քեզ նախարար կնշանակեմ:

– Ինչի՞ նախարար:

– Ասենք… արդարադատության:

– Չէ՞ որ այստեղ մարդ չկա, որ դատեմ:

– Ո՞վ գիտե, – առարկեց թագավորը: – Ես դեռ իմ ամբողջ թագավորությունը լավ չեմ ստուգել: Ես շատ ծեր եմ, տեղս էլ փոքր է կառք պահելու համար, իսկ ոտքով քայլելը շատ է հոգնեցուցիչ:

Փոքրիկ իշխանը կռացավ և նայեց մոլորակի մյուս կողմը:

– Բայց ես արդեն նայեցի, – բացականչեց նա, – այնտեղ նույնպես ոչ ոք չկա:

– Այդ դեպքում ինքդ քեզ դատիր, – ասաց թագավորը: – Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

– Ես ինձ որտեղ ասես կարող եմ դատել: Դրա համար չարժե, որ ապրեմ այստեղ, – ասաց Փոքրիկ իշխանը:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Փոքրիկ իշխանը» 

 

 

 

Comment here