ԳլխավորՄի կտոր գիրք

«Հաղթական կամար». Էրիխ Մարիա Ռեմարկ

Ներկայացնում ենք հատվածներ գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի (1898 — 1970) «Հաղթական կամար» վեպից։

***

Հեռախոսը զանգեց։ Քնաթաթախ նա վերցրեց լսափողը։

— Ռավիկ․․․— ասաց ինչ-որ մեկը։

— Լսում եմ․․․

Դա Ժոանն էր։

— Շուտ արի ինձ մոտ,— ասաց նա։— Ժոանը խոսում էր դանդաղ ու շատ կամաց։— Հենց այս րոպեին արի, Ռավիկ․․․

— Ոչ։ Չեմ ուզում։

— Պետք է գաս․․․

— Ոչ մի դեպքում։ Ինձ հանգիստ թող։ Ես մենակ չեմ։ Չեմ գա։

— Օգնիր ինձ․․․

Ես քեզ չեմ կարող օգնել․․․

— Բան է պատահել․․․— Ժոանի ձայնը ճնշված էր։— Դու պետք է գաս․․․ առանց ուշացնելու․․․

— Ժոան,— համբերությունը կորցրած վրա բերեց Ռավիկը։― Ներկայացում տալու ժամանակ չէ։ Մի անգամ դա քեզ հաջողվել է։ Բայց երկրորդ անգամ ինձ այլևս չես համոզի։ Ես դա լավ եմ հասկանում։ Ինձ հանգիստ թող։ Այդ խաղերը փորձիր ուրիշի հետ խաղալ։

Առանց պատասխանի սպասելու նա լսափողը ցած դրեց ու փորձեց նորից քնել։ Բայց դա իրեն չհաջողվեց։ Հեռախոսը նորից զանգեց։ Ռավիկը լսափողը չէր վերցնում։ Հեռախոսը զրնգզրնգում էր գիշերային գորշ, ամայի խավարում։ Ռավիկը վերցրեց բարձը և դրեց հեռախոսի վրա։ Խլացած զանգերը որոշ Ժամանակ դեռ շարունակվում էին, հետո լռեցին։

Ռավիկն սպասում էր։ Շուրջը լռություն էր տիրում։ Նա տեղից վեր կացավ, մի սիգարետ վառեց։ Համը դուր չեկավ։ Սիգարետը ճզմեց մոխրամանի մեջ։ Կալվադոսի մնացորդով շիշը դեռ սեղանին էր։ Նա մի կում արեց ու մի կողմ հրեց շիշը։ Այ եթե հիմա սուրճ լիներ, մտածեց նա։ Տաք սուրճ։ Եվ կարագով թարմ բուլկի։ Ռավիկը մի բիստրոյի տեղ գիտեր, որ ամբողջ գիշերը բաց է լինում։

Նայեց ժամացույցին։ Ընդամենը երկու ժամ էր քնել, բայց հոգնածություն չէր զգում։ Բոլորովին միտք չուներ նորից ծանր քուն մտնել և առավոտյան վեր կենալ ամբողջովին ջարդոտված։ Նա մտավ լոգասենյակ, ջուրը բացեց ու կանգնեց ցնցուղի տակ։

Ինչ-որ աղմուկի ձայն եկավ։ Նորի՞ց հեռախոսն է։ Ռավիկը ջուրը կտրեց։ Թրխկթրխկոցի ձայն հասավ ականջին։ Դուռը բախում էին։ Նա խալաթը գցեց վրան։ Դռան ձայնն ուժեղացավ։ Սա Ժոանը լինել չի կարող։ Նա ուղղակի ներս կմտներ։ Դուռը փակած չէր։ Ռավիկը մոտեցավ դռանը և մինչև բացելը մի վայրկյան ականջը սրեց։ Չլինի՞ ոստիկանությունից է։

Ռավիկը դուռը բացեց։ Միջանցքում կանգնած էր մի մարդ, որին ինքը չէր ճանաչում, բայց շատ աղոտ հիշեցնում էր ինչ֊որ մեկին։ Նրա հագին սմոկինգ էր։

— Բժիշկ Ռավի՞կն է։

Ռավիկը չպատասխանեց։ Նա սպասողական նայում էր անծանոթին։

― Ի՞նչ եք ցանկանում,— հարցրեց նա։

— Դուք բժիշկ Ռավի՞կն եք։

— Ավելի լավ է ասեք, ի՞նչ եք ուզում։

— Եթե դուք բժիշկ Ռավիկն եք, ապա անմիջապես պետք է գնաք Ժոան Մադուի մոտ։

— Ահա՛ թե ինչ։

— Նրան դժբախտություն է պատահել։

— Ի՞նչ դժբախտություն,— թերահավատ քմծիծաղեց Ռավիկը։

— Նրա վրա կրակել են,— ասաց անծանոթը։— Ժոանը վիրավորված է․․․

— Վիրավորվա՞ծ է,— կրկնեց Ռավիկը, նույն թերահավատ քմծիծաղը դեմքին։ Երևի, ձևացրել է, թե ինքնասպանություն է ուզեցել գործի՝ որպեսզի խեղճիս վախեցնի, մտածեց նա։

— Տե՜ր իմ աստված, ես ձեզ ասում եմ, Ժոանը մահանում է,— շշնջաց անծանոթը։— Ի՞նչ եք կանգնել, շուտ եկեք գնանք։ Նա մահանում է։ Ինքս եմ կրակել նրա վրա։

***

Ժոանը պառկած էր մահճակալին, նրա հագինը իրիկնային մի շոր էր, ամուր կոճկված մինչև կոկորդը։ Արծաթագույն այդ շորի վրա ամենուրեք արյան բծեր էին։ Արյունոտված էր նաև հատակը։ Հենց այդտեղ էլ նա ընկել էր։ Իսկ այդ ապուշը վերցրել և դրել էր մահճակալին։

― Հանգիստ եղիր,— ասաց Ռավիկը,— հանգիստ։ Ամեն ինչ լավ կլինի։ Սարսափելի ոչինչ չկա։

Ռավիկը շորի ուսերը կտրեց և զգուշորեն ներքև քաշեց։ Կուրծքը չէր վնասվել, գնդակը կպել էր վզին։ Կոկորդն, ըստ երևույթին, նույնպես վիրավորված չէր, այլապես Ժոանը չէր կարող հեռախոսով խոսել նրա հետ։ Անվնաս էր նաև զարկերակը։

— Ցավո՞ւմ է,— հարցրեց Ռավիկը։

— Այո։

— Շա՞տ։

— Այո․․․

— Հիմա ցավերը կանցնեն։

Ռավիկը շպրիցը լցրեց ու նայեց Ժոանի աչքերին։

— Ուրիշ բան չէ։ Միայն ցավերը հանգստացնելու համար է։ Հիմա կհանգստանաս։— Ռավիկը սրսկեց։— Արդեն վերջացավ։— Նա շրջվեց դեպի իրեն բերող տղամարդը։— Զանգահարեք Պասսի 2741։ Շտապ օգնություն կանչեք և երկու սանիտար։ Շուտ։

— Ի՞նչս է,— հազիվ բառերն արտասանելով, հարցրեց Ժոանը։

— Պասսի 2741,— կրկնեց Ռավիկը։— Այս րոպեիս։ Առանց մի վայրկյան հապաղելու։ Շո՛ւտ։ Հեռախոսի համարը գրեք։

— Ի՞նչ է եղել․․․ Ռավիկ։

— Վտանգավոր ոչինչ չկա։ Բայց այստեղ ինձ համար դժվար է որոշել, թե ինչ է։ Քեզ պետք է հիվանդանոց տանել։

Ժոանը նայեց Ռավիկին։ Նրա դեմքի կոսմետիկան խառնվել էր իրար, տուշը թարթիչներից հոսել էր ցած, շրթունքների ներկը քսվել էր երեսին։ Դեմքի մի կողմը նման էր էժանագին կրկեսի ծաղրածուի, իսկ մյուս կողմը, որտեղ տուշը լղոզել էր աչքի տակը, հոգնած, մաշված պոռնիկի։ Միայն մազերն էին, որ դեռ շարունակում էին շողշողալ։

— Ես չեմ ուզում, որ ինձ վիրահատեն,— շշնջաց Ժոանը։

— Դեռ կտեսնենք։ Գուցե դրա կարիքը չլինի։

— Վտանգավո՞ր է․․․— հարցրեց նա ու չկարողացավ շարունակել։

— Ոչ։— Ասաց Ռավիկը։— Անհանգստանալու կարիք չկա։ Ես պարզապես հետս ոչ մի գործիք չունեմ։

— Գործի՞ք․․․

— Ստուգման համար։ Ես պետք է հիմա․․․ Մի՛ վախենա, չեմ ցավեցնի․․․

Սրսկումն իր գործը տեսավ։ Ժոանի աչքերից չքացավ սարսափի արտահայտությունը։ Ռավիկն սկսեց զգուշորեն զննել վերքը։ Տղամարդը վերադարձավ։

— Շտապ օգնությունը հիմա ուր որ է կգա։

— Զանգահարեք Օտեյ 1357։ Դա կլինիկա է։ Ես ուզում եմ խոսել նրանց հետ։

— Տղամարդը հնազանդորեն չքացավ։

— Դու ինքդ ես ինձ օգնելու,— շշնջաց Ժոանը։

— Իհարկե։

— Միայն թե ոչ մի ցավ չզգամ։

— Ոչ մի ցավ չես զգա։

— Ես չեմ կարող․․․ ես չեմ կարողանա ցավերը տանել․․․— Ժոանը նվաղեց․․․ Նրա ձայնը կամաց-կամաց խլացավ։— Ես պարզապես չեմ դիմանում ցավերին․․․

Ռավիկը նայում էր գնդակի բացած անցքին։ Արյան խոշոր անոթները անվնաս են մնացել։ Գնդակի դուրս գալու անցքը չկա։ Նա ոչինչ չասաց։ Կոմպրեսային վիրակապ դրեց, Ժոանին առանց հայտնելու, թե ինքն ինչից է վախենում։

***

— Դու ինձ կօգնես, Ռավիկ,— ասաց Ժոանը քնկոտ ձայնով։

— Անպայման,— ասաց նա, առանց որևէ հույս ունենալու։

— Դու ինձ հետ ես։ Ես միշտ հանգիստ եմ զգում, երբ դու ինձ հետ ես լինում։

Ներկերից կեղտոտված երեսը ժպտաց։ Ծաղրածուն քմծիծաղեց, պոռնկուհին ժպտալու ճիգեր արեց։

— Բեբե, ես դա չէի ուզում․․․— ասաց դռան շեմին կանգնած դերասանը։

— Դուրս,― բղավեց Ռավիկը։— Դուրս այստեղից, գրողը ձեզ տանի։

Որոշ ժամանակ Ժոանը հանգիստ պառկած էր։ Հետո աչքերը բացեց։

— Դա ապուշի մեկն է,— ասաց Ժոանը զարմանալի պարզ։— Իհարկե, նա այդպես չէր ուզում, այդ անճարակ ողորմելին․․․ իրեն ուզում էր մեծավարի պահել։— Ժոանի աչքերում հանկարծ հայտնվեց տարօրինակ, գրեթե խորամանկ մի արտահայտություն։— Ես ինքս էլ չէի դրան հավատում․․․ և գրգռում էի․․․

— Դու չպետք է խոսես, չի կարելի։

— Այո, գրգռում էի․․․— Ժոանի աչքերը գրեթե փակվել էին։— Եվ ահա թե ինչով դա վերջացավ, Ռավիկ․․․ իմ կյանքը..․ նա չէր ուզում ինձ խփել․․․ բայց խփեց․․․ և ահա․․․

Ժոանի աչքերը լրիվ փակվեցին, ժպիտը հանգավ։ Ռավիկը ականջը սրեց դեպի դռան կողմը։

***

Ժոանը շարժվեց։ Ավելի ճիշտ շարժվեց նրա մի ձեռքը, աջը։ Ձախ ձեռքն անշարժ էր։

— Ռավիկ,— ասաց Ժոանը։

— Լսում եմ, Ժոան․․․

— Ինձ վիրահատե՞լ ես։

― Ոչ, Ժոան։ Դրա անհրաժեշտությունը չկար։ Մենք միայն վերքը մաքրեցինք։

— Դու այստե՞ղ ես մնալու։

— Այո։

Ժոանը փակեց աչքերը և նորից քնեց։ Ռավիկը մոտեցավ դռանը։

— Ինձ մի քիչ սուրճ բերեք,— ասաց նա բուժքրոջը։

— Սուրճ և բուլկի՞։

— Ոչ։ Միայն սուրճ։

Ռավիկը վերադարձավ հիվանդասենյակ և բացեց լուսամուտը։ Քաղաքի տանիքների վրա տարածվել էր մաքուր և շողշողուն առավոտը։ Ճնճղուկները ծլվլում էին։ Ռավիկը նստեց լուսամուտի գոգին, վառեց սիգարետը և սկսեց ծխել ու դուրս փչել ծուխը։

Բուժքույրը սուրճը բերեց։ Ռավիկը վերցրեց նրանից սուրճի գավաթը, դրեց իր մոտ պատուհանի գոգին և, ծխելով, կամաց-կամաց սկսեց խմել սուրճը և նայել դեպի դուրս։ Երբ դրսի պայծառ լույսին սովորած աչքերը շրջում էր սենյակի կողմը, սենյակը նրան բոլորովին մութ էր թվում։ Ռավիկը տեղից ելավ և նայեց Ժոանին։ Նա քնած էր։ Երեսը մաքուր լվացած էր և շատ գունատ։ Շրթունքները հազիվ էին երևում։

Ռավիկը վերցրեց սրճամանով ու սուրճի գավաթով փոքրիկ մատուցարանր և դուրս տարավ միջանցք, դրեց այնտեղի սեղանին։ Միջանցքից մաստիկայի և թարախի հոտ էր գալիս։ Բուժքույրը նրա մոտով տարավ օգտագործված բինտերի դույլը։ Ինչ-որ տեղ բվվում էր փոշեծծիչը։

Ժոանը տեղում անհանգիստ շարժվեց։ Հիմա ուր որ է կարթնանա։ Կարթնանա և նորից կսկսի ցավեր զգալ։ Ցավերը կուժեղանան։ Նա դեռ մի քանի ժամ կամ մի քանի օր կարող է ապրել։ Այդ ցավերն այնպես կուժեղանան, որ սրսկումներն այլևս ոչ մի ազդեցություն ունենալ չեն կարող։

Ռավիկը գնաց շպրից ու ամպուլաներ բերելու։ Երբ նա վերադարձավ, Ժոանն աչքերը բացեց։ Ռավիկը հայացքը շրջեց նրա կողմը։

— Գլուխս ցավում է,— շշնջաց Ժոանը։

Ռավիկն սպասում էր։ Ժոանը փորձեց գլուխը շարժել։ Թվում էր նրա կոպերը սոսկալի ծանրացել են, և մեծ ճիգեր են պետք, որպեսզի կարողանա աչքերը շրջի Ռավիկի կողմը։

— Գլուխս կարծես կապարից լինի․․․— նրա հայացքը պարզեց։— Ես չեմ կարող այս բոլորին դիմանալ․․․

— Ռավիկը սրսկեց։

— Հիմա ամեն ինչ կանցնի․․․

— Առաջ այսպես չէր ցավում․․․ — Ժոանը մի փոքր գլուխը թեքեց։— Ռավիկ,— շշնջաց նա,— ես տանջվել չեմ ուզում։ Ես․․․ խոստացիր ինձ, որ ես չեմ տառապելու․․․ իմ տատը․․․ ես տեսել եմ նրան․․․ այդպես ապրել չեմ ուզում․․․ Տատիս ոչինչ չէր օգնում․․․ Խոստացիր ինձ․․․

— Ես խոստանում եմ քեզ, Ժոան։ Դու շատ ցավեր չես ունենա։ Համարյա ոչ մի ցավ չի լինի․․․

Նա ատամները սեղմեց իրար։

— Դեղը շո՞ւտ կօգնի։

— Այո․․․ շատ շուտ․․․ Մի երկու րոպեից․․․

— Իսկ թևս ի՞նչ է եղել․․․

— Ոչինչ չի եղել։ Դու պարզապես հիմա չես կարող շարժել։ Բայց շուտով դա կանցնի։

— Իսկ ո՞տքս․․․ աջ ոտքս․․․

Նա փորձեց ոտքը ցույց տալ։ Բայց շարժել չկարողացավ։

— Նույնը և ոտքդ է, Ժոան։ Դրա համար մի անհանգստանա։ Դա նույնպես կանցնի։

Ժոանը հազիվ նկատելի գլուխը շարժեց։

— Իսկ ես..․ պատրաստվում էի․․․ ուրիշ կերպ ապրել․․․ — շշնջաց նա։

Ռավիկը լուռ էր։ Դրան պատասխանելու բան չկար։ Գուցե դա ճշմարիտ էր․․․ Ո՞վ է, որ չի ուզում միշտ ուրիշ կերպ ապրել․․․․

Ժոանը նորից գլուխը անհանգիստ շարժումով մի կողմից մյուսը թեքեց։ Միապաղաղ, տանջված ձայն։

— Լավ էր․․․ որ դու․․․ եկար։ Առանց քեզ ի՞նչ էր լինելու։

— Այդ մասին մտածելու կարիք չկա, Ժոան։

Լա՜վ էր, որ եկա․․․ կարծես թե առանց ինձ նույնը չէր լինելու, հուսահատ մտածեց Ռավիկը։ Ոչինչ չէր փոխվի, առանց ինձ էլ նույնն էր լինելու։ Ուզածդ փինաչին ինձանից վատ չէր գլուխ հանի։ Ուզածդ փինաչին։ Միակ անգամն էր, որ ես այնքա՜ն էի զգում իմ փորձի և գիտելիքների կարիքը, և այդ բոլորը զուր անցավ։ Ամենասովորական հեքիմն էլ կարող էր անել այն, ինչ ես եմ անում։ Ի՜նչ է իմ արածը․․․ ոչինչ։

***

Կեսօրվա մոտ Ժոանը ամեն ինչ հասկացավ։ Ռավիկը նրան ոչինչ չասաց։ Բայց հանկարծ նա ամեն ինչ ինքը հասկացավ։

— Ես չեմ ուզում հաշմանդամ դառնալ, Ռավիկ․․․ ի՞նչ է պատահել իմ ոտքերին․․․ ոտքերս էլ չեն․․․

— Ոչ մի բան քո ոտքերին չի եղել․․․ Երբ ապաքինվես, նորից կանգնես ոտքի, կքայլես նույն ձևով, ինչպես մինչև հիմա ես քայլել։

— Երբ ես․․․ նորից․․․ ոտքի կանգնե՞մ․․․ ինչո՞ւ ես ստում, Ռավիկ։ Քո ինչի՞ն է․․․ այդ սուտը պետք․․․

— Ես չեմ ստում, Ժոան։

— Ստում ես․․․ դու պարտավոր ես ստել․․․ Միայն թե ինձ չթողնես, որ երկար պառկած մնամ․․․ եթե ինձ ցավերից բացի, ուրիշ ոչինչ չի մնում․․․ խոստացիր ինձ այդ․․․

— Խոստանում եմ։

— Եթե ցավերս շատ խիստ լինեն, դու ինձ որևէ բան պետք է տաս։ Իմ տատը․․․ հինգ օր պառկեց․․․ և անընդհատ բղավում էր։ Ես դա չեմ ուզում, Ռավիկ։

— Դու չես բղավի։ Այդպիսի ցավեր դու չես ունենա, Ժոան։

— Ուժեղ ցավերի դեպքում․․․ այնպիսի դոզա կտաս․․․ որ իսկույն վերջանա․․․ մեկընդմիշտ․․․ Դու պետք է այդ անես․․․ եթե անգամ չուզեմ․․․ կամ գիտակցությունս կորցրած լինեմ․․․ Անում ես այնպես, ինչ ես քեզ հիմա ասում եմ․․․ Անկախ նրանից, թե հետո ինչ եմ ասելու․․․ Դա իմ վերջին խոսքն է․․․ խոսք տուր, որ կանես։

— Ես քեզ խոսք եմ տալիս։ Բայց դրա կարիքը չի լինի։

Սարսափի արտահայտությունը Ժոանի աչքերից չքացավ։ Նա իսկույն խաղաղվեց։

— Դու իրավունք ունես այդպես վարվելու, Ռավիկ, շշնջաց Ժոանը։— Չէ՞ որ առանց քեզ ես հիմա․․․ միևնույն է, արդեն կենդանի չէի լինի։

— Անմիտ բաներ մի՛ ասա։ Ինչո՞ւ կենդանի չպետք է լինեիր․․․

— Ոչ։ Չէի լինի․․․ ես այն ժամանակ ուզում էի․․․ Հիշո՞ւմ ես․․․ երբ առաջին անգամ ինձ հանդիպեցիր․․․ ուզում էի վերջ տալ կյանքիս․․․ այլևս ելք չէի գտնում․․․ Այս մի տարին դու ես նվիրել ինձ․․․ Սա քո նվերն է.․. Քո նվիրած ժամանակը։— Ժոանը դանդաղ գլուխը շրջեց Ռավիկի կողմը․․․— ինչո՞ւ ես քեզ մոտ չմնացի․․․

— Դա իմ մեղքով էր, Ժոան։

— Ոչ։ Դա․․․ Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ էր․․․

Լուսամուտից այն կողմ ոսկյա կեսօր էր։ Վարագույրները քաշած էին, բայց կողքերից լույսը ներս էր թափանցում։ Ժոանը թմրեցնող դեղերի ազդեցությունից կիսաքնային վիճակի մեջ էր։ Նրանից քիչ բան էր մնացել։ Կարծես ընդամենը այդ մի քանի ժամը գայլեր դառած լափել էին նրան։ Թվում էր, թե մարմինը վերմակի տակ հալվել է, դիմադրող ուժերը չքացել են։ Նա ընկած էր կիսաքնային ու կիսարթուն վիճակում։ Երբեմն գիտակցությունը լրիվ կորցնում էր, իսկ երբեմն էլ սթափվում էր ու միտքը պայծառանում։ Ցավերը սաստկացան։ Ժոանն սկսեց տնքալ։ Ռավիկը նորից մի ասեղ սրսկեց։

— Գլուխս․․․— հազիվ լսելի ասաց նա։— Գլուխս պայթում է․․․

Մի քանի րոպե հետո Ժոանը նորից սկսեց խոսել։

— Լույսը․․․ լույսը շատ է․․․ այրում է․․․

Ռավիկը մոտեցավ լուսամուտին, իջեցրեց գալարավարագույրը և կողքերից ամուր փակեց, որպեսզի ոչ մի տեղից լույս չընկնի։ Սենյակն ամբողջովին մթնեց։ Ռավիկը գնաց և նստեց մահճակալի մոտ։

— Ինչքա՜ն երկար է տևում․․․ այլևս ոչինչ չի օգնում, Ռավիկ․․․

― Մի քանի րոպեից հետո կանցնի։

Ժոանը պառկել էր անշարժ։ Վերմակի երեսին ընկած էին նրա մեռելային ձեռքերը։

― Ես քեզ․․․ շատ բան․․․ ունեմ ասելու․․․

— Հետո կասես, Ժոան․․․

— Ոչ։ Հիմա պետք է ասեմ․․․ Այլևս սպասելու..․ ժամանակ չկա․․․ Շատ բան ունեմ․․․ բացատրելու․․․

— Ես դրանք գիտեմ մեծ մասամբ, Ժոան։

— Գիտե՞ս։

— Կարծում եմ, որ գիտեմ։

Սկսվեց ջղաձգումնեյրի ալիքը։ Ռավիկը տեսնում էր, թե ինչպես են այդ ալիքները անցնում Ժոանի մարմնով։ Նրա ոտքերն արդեն կաթվածահար էին։ Ձեռքերը նույնպես։ Կենդանի մնացել էր միայն կուրծքը, որը դեռ շարունակում էր բարձրանալ ու իջնել։

— Դու գիտես․․․ ես միշտ քեզ հետ եմ եղել միայն։

— Գիտեմ, Ժոան․․․

— Իսկ մնացածները․․․ միայն անհանգստություն են եղել․․․

— Այո, գիտեմ․․․

Նա մի պահ լուռ պառկած էր։ Շնչում էր ծանր ու դժվարությամբ։

— Տարօրինակ է,— նորից սկսեց նա հազիվ լսելի ձայնով։— Տարօրինակ է․․․ որ մարդը կարող է մեռնել․․․ երբ սիրում է․․․

Ռավիկը խոնարհվեց Ժոանի վրա։ Այնտեղ միայն մթություն էր և Ժոանի դեմքը։

— Ես լավը չեղա․․․ քեզ համար,— շշնջաց Ժոանը։

— Դու իմ կյանքն ես․․․

— Ես կարող եմ․․․ ես ուզում եմ․․․ քո կյանքը լինել․․․ բայց․․․ ձեռքերս․․․ երբեք այլևս չեն կարող քեզ գրկել․․․